Բավ է պառակտվել
29-05-2022 21:31

Երեք հայ բռնցքամարտիկ՝ ԵԱ եզրափակչում

Երեւանում կայացած բռնցքամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչի արդյունքներով եզրափակիչ է դուրս եկել երեք հայ մարզիկ։

Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Հայաստանի հավաքականի անդամ Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) երրորդ մենամարտում հանդիպեց Հունգարիան ներկայացնող Ռիչարդ Կովաչի հետ և հաղթեց 5:0 հաշվով, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Հիշեցնենք, որ ավելի վաղ քառորդ եզրափակչում Բաչկովը 5։0 հաշվով հաղթել էր չեխ Պետր Նովակին՝ նվաճելով Հայաստանի առաջին մեդալը երեւանյան մրցաշարում։ Բաչկովն առնվազն բրոնզե մեդալ ունի։

Բացի այդ, Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Բազեյանը, տանելով երկրորդ անընդմեջ հաղթանակը, նույնպես դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Կիսաեզրափակիչում 57 կգ քաշային Արթուր Բազեյանի մրցակիցն էր բուլղարացի Խավիեր Դիաս Իբանեսը։ Հայ բռնցքամարտիկը 3։2 հաշվով հաղթեց մրցակցին։

Կիրակի ավելի վաղ, 5-0 հաշվով հաղթելով լեհ բռնցքամարտիկ Թոմաշ Նիեժվեսկիին, եզրափակչի ուղեգիր էր նվաճել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը։

Նույն օրը Եվրոպայի առաջնությունում կայացավ Նարեկ Մանասյանի երրորդ մենամարտը։ Նա կիսաեզրափակչում պարտվեց իսպանացի Էնմանուել Պլա Ռեյեսին։

Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունն ընթանում է Հայաստանի մայրաքաղաքում, Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։