Բավ է պառակտվել
18-10-2021 17:58

Հին Օլիմպիայում կայացել է Պեկինի օլիմպիական խաղերի կրակի վառման արարողությունը

Պեկինում 2022 թվականի ձմեռային խաղերի օլիմպիական կրակի վառման արարողությունը սկսվել է երկուշաբթի Հին Օլիմպիայում ՝ անտիկ մարզադաշտ նախագահական պահակախմբի ժամանումով: Նրանից հետո մարզադաշտում պատվավոր տեղը կզբաղեցնի Հունաստանի նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն:

Միջոցառումը կանցկացվի Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ԱՕԿ) ղեկավար Սպիրոս Կապրալոսի և այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Այս անգամ արարրողությունը կանցկացվի առանց հանդիսականի՝ կորոնավիրուսային համաճարակով պայմանավորված սահմանափակումների պատճառով: Նախորդ տարիներին մի քանի հազար հանդիսական էր ներկա լինում այս արարողությանը:

Օլիմպիական օրհներգի կատարումից հետո մարզադաշտի վրա կբարձրացվի օլիմպիական դրոշը, իսկ ՉԺՀ -ի և Հունաստանի օրհներգերի կատարումից հետո` երկու պետությունների պետական դրոշները: Ողջույնի խոսքով հանդես կգան Հին Օլիմպիայի քաղաքապետ Յորգոս Գեորգիոպուլոսը, հատուկ ներկայացուցիչ, Պեկինում 2022 թվականի Օլիմպիական և պարալիմպիկ ձմեռային խաղերի կազմկոմիտեի նախագահի տեղակալ և Չինաստանի ԱՕԿ -ի փոխնախագահ Յու Ցզայցինն, ինչպես նաև Բախը և Կապրալոսը։

Այնուհետև, Հերայի հին հունական տաճարի զոհասեղանին քրմուհիները՝ անտիկ տունիկներ և սանդալներ հագած, պարաբոլիկ հայելիների օգնությամբ արևի ճառագայթներից կվառեն Օլիմպիադայի ջահը: Կրակը պետք է վառվի թատերականացված ծես- ներկայացման ժամանակ, որը ստեղծվել է հին ավանդույթների հիման վրա` ժամանակակից տարրերի ներդրմամբ: Ավելի վաղ՝ փորձերի ժամանակ, արդեն վառվել է «պահեստային կրակը» որը միշտ առկա է լինում՝ վատ եղանակի դեպքում օգտագործելու համար։ Այն արդեն պետք եկավ, օրինակ՝ անցած կիրակի գլխավոր փորձի ժամանակ, երբ անձրևի և ամպամած եղանակի պատճառով անգամ չվառեցին կրակը պարաբոլիկ հայելիների օգնությամբ։ Բայց երկուշաբթի Օլիմպիայում պարզ եղանակ է, այնպես որ ամեն ինչ պետք է ընթանա ըստ նախատեսվածի:

Անտիկ մարզադաշտում հերթական թատերական ներկայացումից հետո կրակը կփոխանցվի առաջին ջահակիրին՝ հույն դահուկորդ Իոաննիս Անտոնիուին: Նախկինում նա մասնակցել է 2014 օլիմպիական ջահի փոխանցումավազքին Սոչիում, ինչպես նաև կրել է Հունաստանի դրոշը 2018 թվականի Փհենչհանի օլիմպիական խաղերի փակման արարողությանը: Այս անգամ, Հունաստանում ավանդական օլիմպիական ջահի էստաֆետը չեղյալ հայտարարվեց համաճարակի հետ կապված սահմանափակումների պատճառով: Երկուշաբթի կրակը կտարվի միայն հնադարյան մարզադաշտից մինչև ժամանակակից Օլիմպիական խաղերի հիմնադիր ֆրանսիացի բարոն Պիեր դե Կուբերտենի մոտակայում գտնվող հուշարձանը, որից հետո կտեղափոխեն Աթենքի Ակրոպոլիս, որտեղ և այն կմնա ամբողջ գիշեր։

Երեքշաբթի կրակը չինական պատվիրակությանը կհանձնվի Աթենքի պատմական մարմարապատ «Պանատինաիկոս» մարզադաշտում կայանալիք պաշտոնական արարողության ժամանակ: Այնուհետ Օլիմպիական կրակն Աթենքի միջազգային օդանավակայանից Պեկին կտեղափոխվի հատուկ չարտերային չվերթով:

24 -րդ ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն Պեկինում 2022 թվականի փետրվարի 4-ից 20-ը, իսկ պարալիմպիկ խաղերը՝ մարտի 4-ից 13-ը: Չինաստանի մայրաքաղաքը Օլիմպիադան հյուրընկալող քաղաք է ընտրվել 2015 թվականի հուլիսի 31-ին Կուալա Լումպուրում կայացած ՄՕԿ-ի նստաշրջանում: