Բավ է պառակտվել
15-06-2022 11:55

ՈւԵՖԱ-ն Եվրոպայում նոր ակումբային մրցաշարի նախագիծ է մշակել

Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈւԵՖԱ) մտադիր է ստեղծել մայրցամաքի ակումբների նոր մրցաշար, հայտնում է Marca-ն՝ հղում անելով L'Équipe-ին։

Խոսքը ամառային մրցաշարի մասին է, որը 2024 թվականից կնախորդի ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի նոր մրցաշրջանի մեկնարկին։ Նախատեսվում է, որ մրցույթին կմասնակցի չորս թիմ՝ Չեմպիոնների լիգայի գործող հաղթողը և ևս երեք բարձրակարգ ակումբ։ Սպասվում է, որ մրցաշարը կկայանա օգոստոսին «Քառյակի եզրափակչի» ձևաչափով՝ երկու կիսաեզրափակիչ և եզրափակիչ: Նախագծի հեղինակներն ակնկալում են, որ հանդիպումները կանցկացվեն ԱՄՆ-ում։

Միաժամանակ, ՈւԵՖԱ-ն մտադիր չէ հրաժարվել Սուպերգավաթի ավանդական խաղից, որին մասնակցում են Չեմպիոնների լիգայի և Եվրոպայի լիգայի գործող հաղթողները։ Միայն թե այս անգամ Չեմպիոնների լիգայի չեմպիոնն այլևս չի խաղա, իսկ սուպերգավաթի համար պայքարելու իրավունք կստանա Եվրոպայի երրորդ կարևորագույն ակումբային մրցաշարի՝ Կոնֆերենցիայի լիգայի հաղթողը։

Թե ինչ սկզբունքով են ընտրվելու նոր մրցաշարի մասնակիցները, բացի Չեմպիոնների լիգայի հաղթողից, դեռ հայտնի չէ։ Տարբերակներից մեկը ենթադրում է, որ դրանք կլինեն Չեմպիոնների լիգայի կանոնավոր առաջնության լավագույն թիմերը, որը 2024 թվականից կանցկացվին որ ձևաչափով․ մեկ աղյուսակում միավորված 36 թիմ տասը հանդիպում կանցկացնեն տարբեր մրցակիցների հետ։ Լավագույն ութ թիմերն ուղղակիորեն դուրս կգան 1/8 եզրափակիչ: 9-ից 24 տեղերը զբաղեցրած մասնակիցները կանցկացնեն լրացուցիչ ընտրություն։