Բավ է պառակտվել
26-12-2016 15:37

Ռուբեն Հայրապետյան. Հենրիխ Մխիթարյանի նպաստը ֆուտբոլի ասպարեզում անուրանալի է

Հայաստանի 2016 թ.-ի տարվա լավագույն մարզիկների ցուցակը բուռն քննարկումների առարկա էր դարձել, քանի որ ցուցակում ներառված չէր Հայաստանի հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:

 

Ինչպես հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը, ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ֆեդերացիային տված հարցազրույցում անդրադառձել է հանրութան լայն զանգվածներին հուզող այս հարցին:

Հայրապետյանը նշել է, որ այս մարզական տարին լեցուն էր ինչպես փառահեղ հաղթանակներով և ձեռքբերումներով, այնպես էլ անհաջողություններով և բացթողումներով:

Նրա խոսքով, այս տարի ևս հայ լավագույն մարզիկներն էլ ավելի բարձրացրեցին Հայաստանի վարկանիշը, առավել ճանաչելի դարձրեցին հայրենիքը, բազմիցս ստիպեցին հնչեցնել Հայաստանի օրհներգը, բարձր պահեցին հայկական դրոշի պատիվը, միլիոններին «պարտադրեցին» արտասանել «հայ» և «Հայաստան» անունները, հետաքրքրվել Հայաստանով, ծանոթանալ և զարմանալ նրա պատմությամբ ու մշակույթով, իսկ շատերին անգամ՝ այցելել Հայաստան:

Հայրապետյանը նշել է, որ այդ մարզիկները արել են այն, ինչի համար աշխարհի բոլոր երկրները պայքարում են միջազգային մարզական ասպարեզներում և ինչին հասնելու համար հայ մարզիկները քրտնաջան աշխատել են ոչ մեկ տարի:

«Բարձր գնահատականի և հարգանքի են արժանի նրանցից յուրաքանչյուրն՝ առանց խտրականության: Բայց և անուրանալի են Հենրիխ Մխիթարյանի նպաստն ու ձեռքբերումները «միլիարդների» մարզաձև ֆուտբոլի ասպարեզում, որոնց մասին գիտեն բոլորը, որոնց արժեքի և կարևորության մասին գիտեն նույնիսկ նրանք, ովքեր վասալային տրամաբանությամբ ջանացել են լավագույն մարզիկների ցուցակը կազմելու կարգի մասին հեքիաթներ հորինել: Սակայն այստեղ «վասալները» չեն, որ խնդիր են, նրանք միշտ էլ գտնվում են, այլ «ֆեոդալները», ովքեր զարմանալի համառությամբ և կուրությամբ չտեսնելու են տալիս ֆուտբոլը և ում թեթև ձեռքով իրականացվում է «լավագույն տասնյակում ոչ մի ֆուտբոլիստ» «հանճարեղ» օպերացիան», - նշել է նա:

Հայրապետյանի խոսքով, այս ամենը զուրկ է բարոյականությունից:

«Եվ հենց նույն «բարոյականոթյամբ» էլ նույն չինովնիկներն, ովքեր այսպես արհամարհում և ստորադասում են ֆուտբոլը, որևէ իրավունք չունեն ֆուտբոլի մասին բառ անգամ խոսել: Զուրկ է բարոյականությունից նաև այն, որ նույն քվեարկությանը մասնակցած մարզական լրագրողների գերակշիռ մեծամասնությունը իրենց պրոֆեսիոնալ «բիզնեսն» ամեն Աստծո օր սկսում են ֆուտբոլով, Հենրիխ Մխիթարյանով և ավարտում ֆուտբոլով՝ նույն Հենրիխ Մխիթարյանով: Եվ հենց նույն «բարոյականությամբ» էլ նման լրագրողներն իրավունք չունեն պահանջելու ֆուտբոլային հավատարմագրում կամ հարցազրույց՝ նույն Հենրիխ Մխիթարյանից», - ընդգծել է նա:

ՀՖՖ նախագահը շնորհավորել է հայ մարզիկներին, նրանց ընտանիքներին, մարզական աշխարհի բոլոր ներկայացուցիչներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել է առողջ՝ առանց վնասվածքների, նոր հաղթանակների և հաջողությունների տարի:

«Եվ թող մեր սպորտային ձեռքբերումներով մեր հայրենիքն էլ ավելի հզոր ու ուժեղ դառնա», - ասել է նա: