Բավ է պառակտվել
26-02-2022 12:32

2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Ռուսաստանում չի կայանա․ ՖԻԴԵ-ի որոշումը

ՖԻԴԵ-ի խորհուրդը տեղեկացնում է, որ 2022 թվականի շախմատի համաշխարհային օլիմպիադան Ռուսաստանում չի կայանա։ Այս մասին Facebook-ում գրել է ՖԻԴԵ-ի գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին։

Նրա խոսքով, առաջիկայում կդիտարկվի մրցույթն այլ երկրում անցկացնելու հարցը։

Ինչպես տեղեկացվում է ՖԻԴԵ-ի կայքում, նախապես ծրագրված էր շախմատի 44-րդ օլիմպիադան անցկացնել Մոսկվայում հուլիսի 26-ից օգոստոսի 8-ը՝ շուրջ 190 երկրի թիմերի մասնակցությամբ։ Սակայն արագ վատթարացող աշխարհաքաղաքական իրավիճակը (ռազմական գործողություն Ուկրաինայում՝ խմբ.) ստիպեց ՖԻԴԵ-ի խորհրդին տեղափոխել Ռուսաստանում անցկացվելիք բոլոր պաշտոնական մրցումները։

Դրանց թվում է ՖԻԴԵ-ի 93-րդ համագումարը, որը պետք է անցկացվեր շախմատի օլիմպիադայի հետ միաժամանակ, և այս տարի նախատեսում էր ընտրական ընթացակարգ՝ ՖԻԴԵ-ի ներկայիս նախագահ Արկադի Դվորկովիչի լիազորությունների ժամկետի ավարտի հետ կապված։ Նա ՖԻԴԵ-ի նախագահ է ընտրվել Բաթումում (Վրաստան) 2018 թվականի սեպտեմբերին։

ՖԻԴԵ-ն արդեն աշխատում է այդ միջոցառումների անցկացման այլընտրանքային ամսաթվերի և վայրերի որոնման ուղղությամբ:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՈւԵՖԱ-ն որոշել է արգելել ակումբների և թիմերի բոլոր խաղերը իր հովանու ներքո անցկացվող մրցաշարերում, որոնք պետք է անցկացվեին Ռուսաստանում և Ուկրաինայում։ Կազմակերպությունը նաև Սանկտ Պետերբուրգից փարիզ է տեղափոխել Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը։