Բավ է պառակտվել
20-11-2014 08:35

Թուրք երեխաներին կսովորեցնեն, որ Ամերիկան մահմեդականներն են հայտնագործել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թաիփ Էրդողանը ուսումնական հաստատություններին հանձնարարել է համաշխարհային գիտության ու արվեստի մեջ իսլամի ավանդն ընդգծող (այդ թվում Կոլումբոսից 300 տարի առաջ մահմեդական նավաստիների կողմից ամերիկյան մայրցամաքի հայտնագործությունը) քաղաքականություն որդեգրել: Այդ մասին գրում է «Hürriyet Daily News»-ը: «Մեր երկրի կրթության նախարարության եւ Բարձրագույն կրթության խորհրդի ուսերին կարեւոր պարտավորություն է ընկել: Պատմության օբյեկտիվ շարադրումը ցույց կտա գիտության եւ արվեստի մեջ Արեւելքի, Մերձավոր Արեւելքի եւ Իսլամի ունեցած մեծ ավանդը: Որպես երկրի նախագահ՝ ես չեմ կարող ընդունել, որ մեր քաղաքակրթությունը զիջում է այլ քաղաքակրթություններին», - ասել է Էրդողանը: Թուրքիայի նախագահը նաեւ կտրուկ քննադատության է ենթարկել տեսաբանների եւ ծաղրանկարիչների նկատառումները, ովքեր ծաղրում են իր պնդումները, որ մուսուլման նավաստիներն են հայտնագործել Ամերիկան եւ Կոլումբոսից դեռ մեկ տարի առաջ Կուբայում մզկիթ կառուցել: Նա նշել է, որ մուսուլմանների կողմից Ամերիկայի հայտնագործության մասին սկզբնական պնդումները իրենը չեն: «Այդ պնդումները նոր չեն: Դրանք հիշատակվում են պրոֆեսոր Ֆուադ Սեզգինի գրքերում: Թուրքիայում եւ աշխարհում մի շարք գիտնականներ արդեն արել են նման հայտարարություններ», - հայտարարել է Էրդողանը: