Բավ է պառակտվել
11-02-2022 13:03

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգն ու Սյունիքի մարզը «քույրեր» են դարձել

Փետրվարի 10-ին Կալիֆոռնիայի նահանգային Սենատն ընդունել է բանաձև, որով Կալիֆոռնիայի և ՀՀ Սյունիքի մարզի միջև հաստատվում են նահանգային-մարզային համագործակցության հարաբերություններ։ Բանաձջի համահեղինակ են հանդես եկել Կալիֆոռնիայի Օրենսդիր մարմնի 62 անդամ։ Այս մասին հայտնում են ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակից։

Ընդունված բանաձևով Կալիֆոռնիան համերաշխություն է հայտնում ՀՀ Սյունիքի մարզին, դրանով նաև ենթադրվում է իրականացնել երկուստեք փոխշահավետ կրթական, տնտեսական և մշակութային փոխանակումներ։

«Սյունիքի շուրջը ներկայումս ստեղծված տարածաշրջանային լարված իրավիճակի պարագայում Կալիֆոռնիայի նահանգային Սենատի այս որոշումը կարևոր ազդակ է ինչպես Սյունիքի ժողովրդին, այնպես էլ միջազգային հանրությանը և ուղղակիորեն պայմանավորված է Սյունիքի նկատմամբ ադրբեջանաթուրքական ագրեսիայի սպառնալիքներով։ Այս որոշումը մեկ անգամ ևս ցուցում է այն վտանգներն ու սպառնալիքները, որոնց առջև կանգնած է Սյունիքի ժողովուրդը», - նշվում է հայատարարության մեջ։

Նշվում է, որ դա կարող է նպաստել Սյունիքի զարգացմանը։

Ադրբեջանական անցակետեր

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2021 թվականի սեպտեմբերի 9-ից Ադրբեջանի իշխանությունները ոստիկանական հենակետ են տեղակայել Երևան-Կապան Մ2միջպետական ճանապարհի վրա՝ Որոտան գյուղի մոտ (Հայաստանի Սյունիքի մարզ, Գորիս): Հենակետը գործում է սեպտեմբերի 11 -ից և, ըստ Հայաստանի ազգային անվտանգության ծառայության, Ադրբեջանի ոստիկանությունը ստուգում է իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը:

Նոյեմբերի 15-ից Սյունիքի Կապան-Ճակատեն ճանապարհի ադրբեջանական հսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու համար ադրբեջանական անցակետ է տեղադրվել։

Այսպիսով, Հայաստանի հարավի մի շարք գյուղերի բնակիչներ ստիպված են լինում օգտվել այլընտրանքային ճանապարհից Կապան գնալու համար (ստացվում է մոտ 100 կմ երկարությամբ մեծ շրջանցում)։ Խոսքը Ճակատեն, Շիկահոխ, Սրաշեն, Ներքին Անդ, Ծավ, Շիշկերտ համայնքների բնակիչների մասին է։ Այս այլընտրանքային ճանապարհը լուրջ վերանորոգման կարիք ունի, ակնկալվում է, որ այն պատրաստ կլինի մինչև տարեվերջ։

Սյունիքի նոր սահմանները

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից Արցախում ռազմական գործողությունների դադարեցման մասին հայտարարությունը ստորագրելուց հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցան ԼՂՀ և հարակից յոթ շրջանների ավելի քան 190 բնակավայր: Արդյունքում, Հայաստանի հարավում Սյունիքի մարզի սահմանները (ներառյալ Կապանի վարչական կենտրոնը) հայտնվեցին Ադրբեջանի նոր սահմանների (Ադրբեջանի ԽՍՀ ժամանակների) անմիջական հարևանությամբ։
Դրանից հետո Սյունիքում անցան բողոքի ակցիաներ. բնակչությունը վրդովված էր ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքներում հայկական դիրքերի ապամոնտաժմամբ և Ադրբեջանի հետ սահմանակից դիրքերում դեմարկացիոն աշխատանքներով։ Արդյունքում՝ հակառակորդը մոտեցավ Կապան քաղաքին՝ ընդամենը հարյուր մետր հեռավորության վրա: Բացի այդ, Կապանից չորս գյուղ տանող ճանապարհի մի հատվածը՝ դեպի Խդրանց, Ագարակ, Եղվարդ և Ուժանիս գյուղեր հայտնվեց թշնամու տարածքում:

Դրա հետևանքով անվտանգության լուրջ խնդիրներ առաջացան Սյունիքում, պարբերաբար հաղորդումներ են ստացվում ադրբեջանցիների կողմից անասունների գողության մասին տեղի հայ բնակչությունից,, նրանց կյանքին ու առողջությանը սպառնացող վտանգի մասին։ Հայաստանի օմբուդսմեն Արման Թաթոյանը բազմիցս բարձրացրել է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով անվտանգության գոտի ստեղծելու հարցը։