Բավ է պառակտվել
22-04-2014 10:55

ԱՄՆ-ում վրացիները Սաակաշվիլիին ելույթի հնարավորություն չեն ընձեռել

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին թույլ չեն տվել մասնակցել ՛՛ԱՄՆ-ի վրացիների՛՛ ամենամյա փառատոնին, որն ԱՄՆ ներգաղթած վրացիներն անցկացնում են Նյու Յորքում և որտեղ տեղի է ունենում որոշակի հաջողությունների հասած անձանց պարգևատրումը:

Ըստ Վրացական լրատվամիջոցների Բրուքլինում տեղի ունեցած հանդիպմանը ժամանել է նաև Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որի հայտնվելը միանշանակ չի ընդունվել հավաքվածների կողմից։

Նրանց մի մասն ի նշան բողոքի լքել է դահլիճը։

՛՛Մենք քրիստոնյա ենք, թող գա, նստի, սակայն փորձել են ընդհատել Թբիլիսիից հրավիրված անսամբլի ելույթը, որ Միշան ելույթ ունենա՛՛,- ասել է ներգաղթյալ Շորենա Տետրաուլին և հավելել է, որ Սաակաշվիլիին լսել են 9 տարի շարունակ, և արդեն չեն ցանկանում լսել, թե ինչ է արել ինքը և թե ինչպես է այժմ ամեն ինչ փչանում։
՛՛Մենք այնքան կույր չենք, որքան մտածում են ոմանք, կարծելով, որ մենք չենք տեսնում և չենք վերլուծում, թե ինչ կար առաջ և ինչ է կատարվում այսօր։ Ոչ մի նախկին նախագահ այդքան չի խոսում՛՛,-ասել է Տետրաուլին։

Նրա խոսքով՝ հավաքվածների մոտ կեսը ցուցադրաբար հեռացել է դահլիճից այն պահին, երբ կազմակերպիչները հայտարարել են, որ անսամբլի երգից հետո ելույթ կունենա Սաակաշվիլին։

՛՛Այդ ժամանակ մարդիկ սկսեցին բղավել «հեռացի՛ր, հեռացի՛ր» և ծափահարել անսամբլին, որպեսզի շարունակեն երգել և Միշային խոսափողին մոտենալու հնարավորություն չտան՛՛,-ասել է վրացի ներգաղթյալը։

Սաակաշվիլին այդպես էլ խոսափողին մոտենալու հնարավորություն չի ունեցել։

Նա անցյալ տարվա նոյեմբերից լքել է Վրաստանն ու ժամանակավոր բնակություն է հաստատել ԱՄՆ-ում։