Բավ է պառակտվել
28-03-2017 12:13

ANCA-ն ԱՄՆ-ի Կոնգրեսում առաջ է տանում ցեղասպանությունների կանխարգելման բանաձևերը

Ամերիկայի Հայ Ազգային կոմիտեն (ANCA) դիմել է ԱՄՆ-ի քաղաքացիներին ՝ խնդրելով ցեղասպանությունները կանխարգելող Բանաձև ընդունելու վերաբերյալ կոչով նամակներ հղել ԱՄՆ-ի Կոնգրեսում իրենց ներկայացուցիչներին:
Բանաձևի ընդունման նպատակը այսօր Միջին Արևելքում տեղի ունեցող վայրագությունների կանխարգելումն է, որոնք տեղի են ունենում հիմնվելով 1915թ. հայոց ցեղասպանության հանդեպ ԱՄՆ-ի արձագանքի վրա:
Բանաձևում ընդգծվում է, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատը փորձելով կանխարգելել ռազմական հանցագործություններն ու մարդկության դեմ կատարվող հանցագործությունները, ինչպես նաև քրիստոնյաների, եզդիների, մուսուլմանների, քրդերի և Միջին Արևելքի այլ խոցելի էթնիկ և կրոնական խմբերի ցեղասպանությունը, պետք է համապատասխան դասեր քաղի Հայերի ցեղասպանության, ասորիների, խալդերի, սիրիացիների, հույների, պոնտացիների և իրենց բիբլիական հայրենիքում ապրող այլ քրիստոնյա ժողովուրդների հանդեպ ավելի քան 100 տարի առաջ Օսմանյան կայսրության իրակնացրած ցեղասպանության հանդեպ ԱՄՆ-ի իշխանությունների և հասարակության արձագանքից:
1915թ. Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է: Թուրքիան ավանդաբար ժխտում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ 1,5 միլիոն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները, և չափացանց ցավոտ է արձագանքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ Արևմուտքի քննադատություններին:
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է աշխարհի մի շարք պետությունների կողմից, որոնց թվում են Ուրուգվայը, Ռուսաստանը, Ֆրանսիան, Լիտվան, ինչպես նաև Գերմանիայի Բունդեսթագը, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Ամերիկայի Միացյալ Նահանգների մեծ մասը, Ավստրիայի, Չիլիի, Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի Ազգային Խորհուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների Պալատը և Լեհաստանի Սեյմը: