Բավ է պառակտվել
19-01-2022 16:00

Անգելա Մերկելին առաջարկել են աշխատել ՄԱԿ-ում

ԳՖՀ նախկին կանցլեր Անգելա Մերկելը (2005-2021) մերժել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի առաջարկը՝ ղեկավարել գլոբալ հանրային բարիքների գծով բարձր մակարդակի խորհրդատվական մարմինը։ Այս մասին չորեքշաբթի հայտնել է DPA գործակալությունը՝ հղում անելով կառավարության նախկին ղեկավարի գրասենյակին։

Մերկելն «այդ թեմայով հեռախոսազրույց է ունեցել գլխավոր քարտուղարի հետ, շնորհակալություն հայտնել նրան, սակայն ասել է, որ չի ընդունի առաջարկը», - նշել են նախկին կանցլերի գրասենյակից։

Ավելի վաղ գերմանական լրատվամիջոցները հայտնել էին Գուտերեշի առաջարկի մասին։

Մերկելը կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 16 տարի։ 2018 թվականին նա հայտարարեց, որ չի առաջադրվելու հինգերորդ անգամ։ 2021 թվականի դեկտեմբերին նրան Գերմանիայի կառավարության ղեկավարի պաշտոնում փոխարինեց սոցիալ-դեմոկրատ Օլաֆ Շոլցը։

Նախկին կանցլերը բազմիցս ասել է, որ հրաժարականից հետո չի պատրաստվում քաղաքական պաշտոններ զբաղեցնել։