Բավ է պառակտվել
28-03-2019 19:35

Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել Իրանում ջրհեղեղից տուժածներին

ԱԻՆ մամլո ծառայությունը հաղորդել է, որ գերատեսչության ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը հինգշաբթի ընդունել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադին։

Նախարարը ցավակցություն է հայտնել Իրանում ջրհեղեղի կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել օժանդակել տուժածներին։

Հիշատակելով Իրանի նախագահ Հասան Ռոհանիին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հղած ցավակցական հեռագիրը, Ցոլակյանը նշել է, որ ԱԻՆ-ը ցանկանում է գործնական մասնակցություն ունենալ բնական տարերքից տուժածներին օգնությանը։

Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին և արտակարգ իրավիճակների նախարարին ցավակցությունների համար և ասել, որ տուժածներին օգնելը կողք կողքի ապրող երկու բարեկամ ժողովուրդների բարոյական պարտավորություն է:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցել Իրանի Կարմիր մահիկի միջազգային կազմակերպության հետ՝ ջրհեղեղից տուժած մարդկանց օժանդակելու համար:

ԶԼՄ հաղորդումների համաձայն, Իրանի արևմտյան, հարավային և հյուսիսային նահանգներում հորդառատ անձրևների հետևանքով գետերը դուրս են եկել ափերից և հեղեղել քաղաքներ, գյուղեր և ֆերմերային տնտեսություններ։ Երկրի հարավում գտնվող Ֆարս նահանգի Շիրազ քաղաքում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 17 մարդ, ևս 74-ը՝ վիրավորվել։ Գոլեստանի առնվազն 70 գյուղում տուժել է ավելի քան 56 հազար մարդ։