Բավ է պառակտվել
13-10-2021 16:34

Հայաստանը սատարում է Հնդկաստանին ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամի կարգավիճակ ստանալու հարցում

Հայաստանը հաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին ՄԱԿ -ի Անվտանգության խորհրդի մշտական անդամի կարգավիճակ ստանալու հարցում, չորեքշաբթի ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը:

“Հայաստանը շնորհավորում է Հնդկաստանին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում անցած արդյունավետ նախագահության և անցկացված բարեփոխումների կապակցությամբ”,- ասել է Միրզոյանն իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամլո ասուլիսում։

Անդրադառնալով Հնդկաստանի նախարարի հետ անցկացված բանակցությունների բովանդակությանը, Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու Հնդկաստանը մտադիր են շարունակել համագործակցությունը միջազգային կազմակերպություններում և փոխադարձաբար աջակցել միմյանց։

Իր հերթին՝ Ջայշանկարը շնորհակալություն է հայտնել Հայաստանի իշխանություններին նման դիրքորոշման համար։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Հնդկաստանը պետք է դառնա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բաղկացած է 15 անդամներից, որոնցից հինգը` ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը մշտական անդամներն են և ունեն վետոյի իրավունք, իսկ տասը` ոչ մշտական անդամներն են և ընտրվում են երկու տարի ժամկետով: Այդ երկրներն են Վիետնամը, Հնդկաստանը, Իռլանդիան, Քենիան, Մեքսիկան, Նիգերը, Նորվեգիան, Սենթ-Վինսենտ ու Գրենադինները, Թունիսը, Էստոնիան։

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին պաշտոնական այցը Հայաստան տեղի է ունենում հոկտեմբերի 12-13-ը: Բացի ՀՀ ԱԳ նախարարի հետ բանակցություններից, պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված է Սուբրամանյամ Ջայշանկարի հանդիպումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ: