Բավ է պառակտվել
11-01-2022 14:26

Հայաստանը բարելավել է իր դիրքերն Աշխարհի երկրների անձնագրերի վարկանիշային ցանկում

Հայաստանը բարձրացել է 78-րդ հորիզոնական 2022 թվականի 1-ին եռամսյակի «Աշխարհի անձնագրերի ինդեքսի» թարմացված վարկանիշում, հայտնում է Henley & Partners-ը։

Նախորդ՝ 2021 թվականի 4-րդ եռամսյակի վարկանիշում հանրապետությունը գտնվում էր 84-րդ հորիզոնականում։

Նշվում է, որ Հայաստանի դիրքի բարելավումը պայմանավորված է այլ պետությունների դիրքերի փոփոխությամբ։ Հաշվետու ժամանակահատվածում հանրապետությունը Օմանի հետ ստորագրել է առանց վիզայի ռեժիմի համաձայնագիր, որի արդյունքում հայկական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի այցելել աշխարհի 65 երկիր։

Դինամիկան և համաշխարհային «առաջատարները»

Ցանկի առաջին տեղում են Սինգապուրի և Ճապոնիայի անձնագրերը ( 192 ուղղություն առանց վիզայի), որոնց հաջորդում են Գերմանիան և Հարավային Կորեան՝ առանց վիզայի մուտք 190 երկիր։

Աշխարհի անձնագրերի ինդեքսի վերջին արդյունքները ցույց են տալիս քաղաքացիների համար առանց վիզայի ճանապարհորդության հնարավորությունների ամենամեծ ճեղքվածքը 17 տարի առաջ ինդեքսի ստեղծման պահից ի վեր: Հաշվի չառնելով կորոնավիրուսի հետ կապված փոփոխվող և ժամանակավոր սահմանափակումները՝ ասիական երկու երկրների՝ Ճապոնիայի և Սինգապուրի անձնագրեր ունեցողներն այժմ կարող են մուտք գործել 192 երկիր առանց վիզայի կամ ժամանման պահին վիզա ստանալու հնարավորությամբ, ինչը 166-ով ավելի, քան վարկանիշային ցանկի վերջին տեղում գտնվող Աֆղանստանը։

Համաձայն Henley & Partners Passport Index-ի պատմական տվյալների, որը դասակարգում է աշխարհի անձնագրերն առանց վիզայի ուղղությունների քանակով, քաղաքացիները 2006 թվականին առանց նախապես վիզա ստանալու կարող էին միջինում այցելել 57 երկիր: Այսօր այդ թիվը հասել է 107-ի, բայց այս ընդհանուր աճի հետևում թաքնվում է Գլոբալ հյուսիսի և Գլոբալ հարավի երկրների միջև աճող անհավասարությունը: Օրինակ՝ Շվեդիայի և Միացյալ Նահանգների քաղաքացիները կարող են առանց վիզայի ճանապարհորդել ավելի քան 180 ուղղություններով, մինչդեռ Անգոլայի, Կամերունի և Լաոսի անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի ճանապարհորդել միայն 50 ուղղություններով:

ԱՊՀ երկրների և Վրաստանի դիքերը

Դիտարկվող եռամսյակում Ռուսաստանի ու ԱՊՀ երկրների դիրքերն աննշան են փոխվել։ Վարկանիշային աղյուսակում տեղափոխումները պայմանավորված են նաև այլ երկրների դիրքերի փոփոխություններով։

Ռուսաստանը ձեռք է բերել առանց վիզայի մուտքի հնարավորություն Պակիստան և 51-րդ տեղափոխվել է 46-րդ տեղը։ Ռուսական անձնագիր ունեցողները, տեսականորեն, կարող են առանց վիզայի ճանապարհորդել 119 ուղղությամբ։

Ուկրաինան՝ առանց վիզայի մուտքի համաձայնագիր կնքելով Ֆրանսիայի անդրծովյան տարածքների և Օմանի հետ, 37-րդ տեղից բարձրացել է 35-րդ։ Ուկրաինական անձնագիր ունեցողները առանց վիզայի կամ ըստ ժամանման վիզա ստանալով կարող են ճանապարհորդել աշխարհի 141 երկիր։

Բելառուսի Հանրապետությունը (65), Ադրբեջանը (74), Ղազախստանը (75) փոխել են իրենց դիրքն Օմանի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագրեր կնքելու արդյունքում։

Վրաստանը 55-րդ տեղից բարձրացել է 48-րդ՝ այլ երկրների դիրքերի փոփոխության պատճառով։ Հաշվետու ժամանակահատվածում երկիրը չի կնքել առանց վիզայի ռեժիմի համաձայնագրեր։ Վրացական անձնագիր ունեցողները կարող են առանց վիզայի ճանապարհորդել աշխարհի 115 երկիր։

Ինդեքսի հեղինակի մասին
Henley & Partners-ը միջազգային առաջատարն է մասնավոր հաճախորդների և նրանց ընտանիքների համար բնակության վայրի պլանավորման ոլորտում: Ընկերությունը հանդես է գալիս նաև տարբեր երկրների կառավարությունների խորհրդատու՝ քաղաքացիության կամ բնակության իրավունքի ծրագրերի նախագծման և ներդրման հարցերում։

Henley & Partners-ը տարբեր ներդրումային ծրագրերի միջոցով ավելի քան 10 միլիարդ դոլար է ներգրավել աշխարհի երկրների տնտեսություններ։ Ընկերության գրասենյակները տեղակայված են աշխարհի ավելի քան 35 երկրում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայում, Շվեյցարիայում, Մալթայում, Կիպրոսում, Պորտուգալիայում, Սենթ Քիթս և Նևիսի Դաշնությունում, Անտիգուա և Բարբուդայում: