Բավ է պառակտվել
03-07-2019 18:25

Հայաստանը բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին ընդդեմ Ադրբեջանի

Հայաստանը բողոք է հղել ՅՈւՆԵՍԿՕ-ին ընդդեմ Ադրբեջանի կազմակերպության համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստի առնչությամբ, չորեքշաբթի ճեպազրույցի ժամանակ տեղեկացրել է ԱԳՆ մամլո քարտուղար Աննա Նաղդալյանը։

Հունիսի 30-ից հուլիսի 10-ն Ադրբեջանում կայանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության կոմիտեի 43-րդ նիստը։ Հայաստանի պատվիրակությոունը որպես դիտորդ մասնակցելու հրավեր էր ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ից դեռևս ապրիլ ամսին։

“Այս առնչությամբ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ հյուրընկալող պետությունից ստանալու անվտանգության համապատասխան հավելյալ երաշխիքներ ՀՀ պատվիրակության մասնակցության համար՝ հաշվի առնելով ՀՀ քաղաքացիների և ընդհանրապես ազգությամբ հայերի՝ այդ երկիր մուտքի հետ կապված անհնարինությունը և այդ երկրում ամենօրյա ռեժիմով իրականացվող հակահայկական քարոզը և խտրական վերաբերմունքը էթնիկ հայերի նկատմամբ”,-ասել է Նաղդալյանը։

Նա նշել է, որ ԱԳՆ-ն մշտական կապի մեջ է եղել ՅուՆԵՍԿՕ-ի քարտուղարության հետ, որի կողմից մշտապես ջանքեր են գործադրվել հյուրընկալող իշխանություններից ստանալու հայկական կողմի համար անհրաժեշտ երաշխիքները:
Սակայն, Նաղդալյանի խոսքով, ի հեճուկս գործադրված ջանքերի հունիսի 28-ին հայկական պատվիրակությունը ստացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նամակը, որում, ըստ էության, Ադրբեջանը, հրաժարվել է տրամադրել գրավոր հավելյալ անվտանգության երաշխիքներ՝ հայկական պատվիրակության անարգել մուտքը երկիր և մասնակցությունը տվյալ միջոցառմանն ապահովելու համար:

“Այսպիսով, Ադրբեջանը խոչընդոտել է հայկական պատվիրակության մասնակցությանը տվյալ միջոցառմանը, ինչն իր մեջ արատավոր նախադեպ է պարունակում, երբ “Մշակութային և բնության համաշխարհային ժառանգության պաշտպանության մասին” կոնվենցիայի անդամ մեկ պետություն կարող է արգելափակել անդամ մեկ այլ պետության՝ միջոցառումներին մասնակցելու իրավունքների իրականացում”,-ասել է Նաղդալյանը:

Նա նշել է, որ այս առնչությամբ Հայաստանը պաշտոնական բողոք է հղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարությանը և անդամ պետություններին՝ կոչ անելով ուշադրությունը հրավիրել այդ արատավոր գործելաոճի վրա և հանդես գալ խիստ դատապարտող դիրքորոշմամբ: