Բավ է պառակտվել
18-11-2021 10:41

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի Գործադիր մարմնի անդամ

Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում կայացած ընտրությունների արդյունքում Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ՝ 2021-2025թթ․ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում է Հայաստանի ԱԳՆ մամլո ծառայությունը։

Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում երեք թափուր տեղի համար ներկայացված են եղել չորս երկրի՝ Հայաստանի, Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի, թեկնածությունները:
Հայաստանը, փակ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալով առավելագույն 146 ձայն՝ առաջին տեղով ընտրվել է Գործադիր խորհրդի կազմում։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհրդի անդամ է ընտրվել 1992թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ին իր անդամակցությունից ի վեր առաջին անգամ։ ԳԽ անդամակցության շրջանակներում Հայաստանը ջանքեր կգործադրի իր հանձնառություններն ու առաջնահերթություններն իրականացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ աջակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ծրագրերի իրագործմանը, բոլորի համար որակյալ կրթության հասանելիության ապահովմանն, ինչպես նաև մշակութային ժառանգության պաշտպանությանն ու պահպանմանը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գործադիր խորհուրդը բաղկացած է 58 անդամ երկրներից և իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ կարևորագույն մարմինն է Գլխավոր համաժողովից հետո։ Գործադիր խորհրդի նիստերը գումարվում են տարին երկու անգամ և վերջինիս հիմնական գործառույթն է Գլխավոր համաժողովի կողմից ընդունված որոշումների պատշաճ իրականացման ապահովումը։