Բավ է պառակտվել
26-04-2017 16:03

Կոլումբիայում ապստամբների մոտ գերի ընկած Արսեն Ոսկանյանին հաջողվել է փախչել (Տեսանյութ)

 

40-ամյա Արսեն Ոսկանյանի պատմությունն այսօր Կոլումբիայում համար մեկ նորությունն է: Բոլոր հեռուստաալիքներն իրենց ծրագրերը սկսում են նրան հայտնաբերելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքների մասին լուրերից, քննարկում են մանրամասները, և փորձում են հասկանալ, թե ինչպես է մոսկովյան տաքսիստը կոլումբիական պատանդի կարգավիճակում հայտնվել:
Արսենը Կոլումբիա էր ժամանել դեռևս աշնանը, և անմիջապես ուղևորվել էր ջունգլիներ: Դա վայրի ու խուլ տեղանք է, որտեղ նույնիսկ ամեն կոլումբիացի չի մտնի, այնտեղ լիքն են թունավոր օձերն ու վտանգավոր գիշատիչները: Ճանապարհներ այնտեղ գրեթե չկան, դա քիչ բնակեցված շրջան է, որտեղ արդեն 50 տարի է, ինչ գործում են ապստամբ բանակի զինյալները: Ռուսաստանի հյուպատոսությունում ապշած են. հասկացե՞լ է արդյոք տղամարդը վտանգի լրջությունը:
Ջունգլիներում, ինչպես պարզ է դարձել, Ոսկանյանը թունավոր գորտեր է որսացել, որպեսզի դրանք մաքսանենգ ճանապարհով Եվրոպա տեղափոխի: Բայց արդյունքում որսորդն ինքն է որոգայթում հայտնվել: Նրան գերևարել են պարտիզանական ջոկատի մարտիկները: Կես տարի դիվանագետներն ու Կարմիր Խաչի առաքելությունը բանակցել են գերու ազատ արձակման համար: Եվ վերջին պահին ամեն ինչ փչացել է: Ապստամբները պատրաստվում էին գերուն իշխանություններին փոխանցել՝ այդ մասին արդեն պայմանավորվածություն կար: Բայց ինչ-որ բան այնպես չէ գնացել: Գերին հարձակվել է հսկիչների վրա, հինգ հոգու վիրավորում է հասցրել, ինքն էլ է վիրավորվել, բայց արդյունքում կարողացել է փախչել: