Բավ է պառակտվել
22-04-2021 08:49

Բայդենը մտադիր է պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը․ New York Times և Wall Street Journal

Ամերիկյան խոշորագույն New York Times և Wall Street Journal թերթերը հայտնում են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայող ցեղասպանությունը ճանաչելու մտադրության մասին։

Ըստ NYT-ի՝ վարչակազմում ընթացող քննարկումներին լավատեղյակ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Բայդենը որոշել է (Հայոց ցեղասպանության վերաբերյալ) հայտարարություն անել, իսկ կառավարության այլ ներկայացուցիչները և օտարերկրյա դեսպանաություններից աղբյուրները շատ հավանական են կոչել նման քայլը։

«Օսմանյան կայսրությունում մոտ 1,5 միլիոն խաղաղ հայերի սպանությունից ավելի քան մեկ դար անց նախագահ Բայդենը պատրաստվում է այդ վայրագությունները Ցեղասպանության ակտ հայտարարել: Այս քայլը ազդա կլինի, որ ԱՄՆ հավատարմությունը մարդու իրավունքներին գերակշռում է Թուրքիայի հետ հարաբերությունների վատթարացման ռիսկն», - ասված է թերթի հրապարակման մեջ:

Սպիտակ տան խոսնակ Ջեն Պսակին չորեքշաբթի հրաժարվել է մեկնաբանությունից՝ նշելով, որ շաբաթ օրը վարչակազմն «ավելին կասի» թեմայի առնչությամբ:

Ինչպես գրում է WSJ-ը՝ վկայակոչելով ամերիկյան վարչակազմի աղբյուրները, Սպիտակ տան ղեկավարը կարող է համապատասխան հայտարարություն անել շաբաթ օրը, ապրիլի 24-ին` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը: Միևնույն ժամանակ, հրապարակման աղբյուրները նշում են, որ վերջնական որոշում դեռ չի կայացվել, և Բայդենը կարող է սահմանափակվել պաշտոնական հայտարարությամբ, որում ցեղասպանության պաշտոնական ճանաչում չի լինի:

Պարբերականը շեշտում է, որ Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումը կհանգեցնի Վաշինգտոնի ու Անկարայի հարաբերությունների զգալի վատթարացման: Ըստ WSJ-ի՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության ներկայացուցիչը դեռ չի մեկնաբանել թերթի աղբյուրների տեղեկությունները:

Միացյալ Նահանգների նախագահների դիրքորոշումը

Այս դեպքում Բայդենը փաստորեն կդառնա 1915 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ առաջին նախագահը։ Միևնույն ժամանակ, NYT-ը հիշեցնում է, որ 1981 թվականին Ռոնալդ Ռեյգանը Հոլոքոստի վերաբերյալ իր գրավոր հայտարարության մեջ հիշատակել էր Հայոց ցեղասպանությունը:

Հիշեցնենք, որ Տասնամյակներ շարունակ ԱՄՆ նախագահներն ամեն տարի, ապրիլի 24-ին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակի օրը, հանդես են գալիս ավանդական հայտարարությամբ, բայց հայերի կոտորածը չեն անվանում «ցեղասպանություն» (genocide): Միայն Բարաք Օբաման է օգտագործել «Մեծ Եղեռն» արտահայտությունը (հայերեն՝ մեծ ցեղասպանություն):