Բավ է պառակտվել
24-04-2021 21:41

Բայդենը «Ցեղասպանություն» է անվանել 1,5 միլիոն հայերի սպանությունը Օսմանյան կայսրությունում

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը, խոսելով 1915թ․ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների մասին օգտագործել է «Ցեղասպանություն» եզրույթը։ Հայտարարությունը հրապարակված է Սպիտակ տան կայքում։


«Ամեն տարի այս օրը մենք հիշում ենք նրանց, ովքեր զոհվեցին Օսմանյան ժամանակաշրջանի Հայոց ցեղասպանության ժամանակ, և պարտավորվում ենք կանխել նման չարագործությունների կրկնությունը։ 1915 թվականի ապրիլի 24-ից սկսած օսմանյան իշխանությունների կողմից Կոստանդնուպոլսի հայ մտավորականության և համայնքի առաջնորդների ձերբակալություններից հետո, մեկուկես միլիոն հայեր տեղահանվեցին, կոտորվեցին կամ մահվան ուղարկվեցին՝ բնաջնջման նպատակով։ Մենք ոգեկոչում ենք Մեծ եղեռնի զոհերին, որպեսզի նախկինի սարսափները երբեք կորսված չլինեն պատմության համար: Եվ մենք հիշում ենք, որպեսզի մշտապես զգոն մնանք ատելության կործանարար ազդեցության դեմ պայքարում՝ դրա բոլոր դրսևորումներում», - ասել է ԱՄՆ առաջնորդը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության օրը հայերին ուղղված ավանդական ելույթում։
Հայտարարությունում նշվում է, որ վերապրածներից շատերը ստիպված եղան նոր տներ և նոր կյանք գտնել աշխարհով մեկ՝ այդ թվում Միացյալ Նահանգներում:
«Ուժով և տոկունությամբ՝ հայ ժողովուրդը վերապրեց և վերստին կառուցեց իր համայնքը: Տասնամյակներ շարունակ հայ ներգաղթյալները հարստացրել են Միացյալ Նահանգներն անհաշիվ եղանակներով, բայց երբեք չեն մոռացել ողբերգական պատմությունը, որը բերեց նրանց նախնիներից այնքան շատերին դեպի մեր ափերը: Մենք հարգում ենք նրանց պատմությունը: Մենք տեսնում ենք այդ ցավը: Մենք հաստատում ենք պատմությունը: Մենք դա անում ենք ոչ թե մեղադրելու, այլ ապահովելու համար, որ կատարվածն այլևս չկրկնվի», - ասվում է Բայդենի ուղերձում:
«Այսօր, երբ մենք ողբում ենք մեր կորուստները, եկեք մեր հայացքը հառենք ապագային և պատկերացնենք այն աշխարհը, որն ուզում ենք ստեղծել մեր երեխաների համար։ Մի աշխարհ, որն աղտոտված չէ մոլեռանդության և անհանդուրժողականության ամենօրյա չարիքներով, աշխարհ, որտեղ մարդու իրավունքները հարգված են, և որտեղ բոլոր ժողովուրդները կարող են ապրել արժանապատիվ ու անվտանգ կյանքով։ Եկեք վերահաստատենք ապագայում վայրագությունները կանխելու մեր հաստատակամությունը՝ աշխարհի որ անկյունում էլ լինի։ Եվ եկեք հասնենք աշխարհի բոլոր ժողովուրդների հաշտեցմանն ու ցավերի ամոքմանը։
Ամերիկայի ժողովուրդը ոգեկոչում է բոլոր հայերին, որոնք իրենց կյանքն են կորցրել 106 տարի առաջ այս օրը տեղի ունեցած Ցեղասպանության հետևանքով», - ընդգծել ԱՄՆ նախագահը։
ԱՄՆ նախագահներն ավանդաբար կարեկցանքի և աջակցույթան ուղերձ են հղում հայ ժողովրդին։ Սակայն «ցեղասպանություն» եզրույթը փոխարինվում է այլ ձևակերպումներով․ «սպանդ», «ջարդեր», «մեծ ողբերգություն», «Մեծ եղեռն»։

Այսպիսով Բայդենը կատարեց իր նախագահական ընտրարշավի ժամանակ տված խոստումը։ Նա դարձավ ԱՄՆ առաջին նախագահը 40 տարվա ընթացքում, ով հրապարակավ ցեղասպանություն ճանաչեց 1915 թվականի զանգվածային սպանությունները։ Ռոնալդ Ռեյգանը վերջին նախագահ էր, ով 1981 թվականին հայերի դեմ ոճրագործությունն անվանեց «Ցեղասպանություն, սակայն շուտով նահանջեց՝ Օսմանյան կայսրության իրավահաջորդ պետության՝ Թուրքիայի ճնշման ներքո։
Թուրքիան կտրականապես դեմ է մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների «ցեղասպանություն» տերմինով բնորոշելուն, պահանջում է միջազգային հետաքննություն և այս ծայրաստիճան ցավոտ հարցի վերաբերյալ դիրքորոշումը համարում է լակմուսի թերթիկ՝ որոշելու իր վերաբերմունքն այս կամ այն օտարերկրյա պետության նկատմամբ։

Բայդենի հայտարարությանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն արդեն հայտարարել է, որ Թուրքիան շարունակելու է պաշտպանել իր դիրքորոշումը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ: Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն նախազգուշացրել է Վաշինգտոնին չգնալ նման քայլի՝ մատնանշելով, որ դա կվնասի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններին: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովը նախազգուշացրեց, որ Վաշինգտոնի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը «չի նպաստի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորմանը» և երկու երկրների միջև սահմանի բացմանը, որը մնում է փակ, բայց կարող է ապաշրջափակվել, հաշվի առնելով ղարաբաղյան պատերազմի արդյունքները: