Բավ է պառակտվել
21-11-2022 19:14

Բայդենը Նյու Յորք նահանգում արտակարգ իրավիճակ է հայտարարել առատ ձյան պատճառով

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Նյու Յորք նահանգում առատ ձյան և ձնաբքի պատճառով արտակարգ իրավիճակ է հայտարարել և կարգադրել է դաշնային միջոցներ հատկացնել տարերքի դեմ պայքարելու համար։ Այս մասին երկուշաբթի օրը հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Անցած գիշեր նախագահ Ջոզեֆ Ռ. Բայդեն կրտսերը Նյու Յորքի նահանգում արտակարգ իրավիճակ հայտարարեց և կարգադրեց դաշնային օգնություն ցուցաբերել՝ ի լրումն նահանգային և տեղական ջանքերի՝ արձագանքելու արտակարգ ձմեռային փոթորկի և ձնաբքի հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակին»,- ասվում է ԱՄՆ վարչակազմի հայտարարության մեջ:

Ամերիկայի առաջնորդն այդպիսով լիազորել է Ներքին անվտանգության նախարարությանը և ԱՄՆ Արտակարգ իրավիճակների կառավարման դաշնային գործակալության (FEMA) այլ մասնագետներին ջանքեր գործադրել՝ օգնելու բնակիչներին։

Նահանգի նահանգապետ Քեթի Հոկուլն ավելի վաղ ձյան տեղումներն անվանել էր «պատմական», հայտնում է NBC-ն: Նա նաև հայտարարել է Ազգային գվարդիայի ուժեր տեղակայելու մասին՝ ձյան դեմ պայքարելու համար:

WABC ռադիոկայանի տվյալներով՝ նահանգը ռեկորդ է սահմանել 24 ժամվա ընթացքում տեղացած ձյան քանակով։ Էրի օկրուգում տեղ-տեղ ձյան բարձրությունը հասել է մինչև 1,8 և 2 մ-ի, ձյան տեղումներից ամենից շատ տուժել են Բուֆալո քաղաքի շրջանի բնակավայրերը։ Ձյունը սկսել է տեղալ հինգշաբթի օրը և, պարբերաբար թուլանալով, շարունակվել հանգստյան օրերին: