Բավ է պառակտվել
04-11-2020 12:48

Բայդենը վստահ է, որ կհաղթի, Թրամփը նույնպես


ԱՄՆ-ում ավարտվեց նախագահական ընտրությունների քվեարկության փուլը, սկսվեց ձայները հաշվարկը: Այս ժամի տվյալներով՝ երկու թեկնածուրից որևէ մեկը դեռ չի ստացել ընտրիչների այնքան ձայն, որը բավական կլինի հստակ կանխորոշելու ընտրությունների վերջնական արդյունքը:

ԱՄՆ նախագահական ընտրություններում դեմոկրատ թեկնածու Ջո Բայդենը, վերջին տվյալով, ձայների 48.1%-ով զիջում է Դոնալդ Թրամփին, որը հավաքել է ընտրողների ձայների 50.3 տոկոսը: Բայդենը, սակայն, ընտրիչների 129 ձայնով առաջ է Թրամփից, որն այս պահին ունի 109-ը ընտրիչի ձայն:

Դեմոկրատներն ԱՄՆ-ում անցկացվող համընդհանուր ընտրությունների արդյունքով այս պահի դրությամբ պահպանում են մեծամասնությունը Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

Համաճարակի պատճառով այս տարի վաղաժամ ընտրություններին մասնակցել են աննախադեպ մեծ թվով ամերիկացիներ՝ մոտ 100 մլն: Ոմանք դա արել են ընտրատեղամասերում, մյուսները մասնակցել են փոստային եղանակով: Ընտրողների ձայների հաշվարկը կարող է տևել մի քանի օր:

Դոնալդ Թրամփը հայտարարել է, թե փորձում են իրենից գողանալ ընտրություններում հաղթանակը, բայց ինքը թույլ չի տա դա անել։
«Մենք մեծ վերելքում ենք, բայց նրանք փորձում են գողանալ ընտրությունները։ Մենք նրանց երբեք թույլ չենք տա դա անել»,- իր Twitter-յան էջում նշել է ԱՄՆ առաջնորդը։
Նա նաև պնդում է, որ չի կարելի ձայներ տալ տեղամասերը փակվելուց հետո։

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Ջոզեֆ Բայդենը վստահ է, որ կհաղթի նախագահական ընտրություններում, բայց պետք է սպասել, քվեաթերթիկների հաշվարկը ժամանակ կպահանջի: Այս մասին նա հայտարարել է Դելավեր քաղաքում ելույթի ժամանակ:
«Մենք կարծում ենք, որ այս ընտրություններում հաղթելու ճանապարհի վրա ենք, բայց պետք է սպասել», — ասել է Բայդենը:
«Այս ամենը չի ավարտվի, քանի դեռ յուրաքանչյուր ձայն հաշվի չի առնվել, յուրաքանչյուր քվեաթերթիկ չի հաշվարկվել», — շեշտել է դեմոկրատը: «Բայց մենք ուրախ ենք, թե ինչպես են ընթանում մեր գործերը», — ամփոփել է նա:
Բայդենը կարծում է, որ երկրում ընտրությունների ձայների հաշվարկը կարող է ձգվել առնվազն մինչև առավոտ: Բայդենը դեռևս ունի ընտրիչներից 224-ի ձայները, իսկ Թրամփը` 212-ի:

Նշենք, որ ԱՄՆ ընտրական համակարգը նախատեսում է պետության ղեկավարի անուղղակի ընտրություններ։ Նախագահին ընտրում է նահանգները ներկայացնող ընտրիչների 538 հոգանոց կոլեգիան։ Յուրաքանչյուր նահանգից ընտրիչների թիվը հավասար է Կոնգրեսում տվյալ նահանգի ներկայացուցիչների թվին։ Ընտրիչները պետք է քվեարկեն թեկնածուի օգտին, ով հաղթել է իրենց նահանգներում, սակայն պարտավորեցնող որևէ օրենք չկա։ Այսպիսով՝ թեկնածուն կարող է ստանալ ամերիկացիների առավելագույն թվով ձայները, սակայն պարտվել՝ ընտրիչների քիչ ձայների պատճառով։ Հաղթանակի համար անհրաժեշտ է 270 ընտրիչի ձայն։

Արմինե Գևորգյան