Բավ է պառակտվել
08-01-2020 11:00

Իրանը հրթիռակոծել է Իրաքում տեղակայված ԱՄՆ բազաները

Իրանը հրթիռակոծել է Իրաքի երկու ռազմակայան, որտեղ տեղակայված են Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների ուժերը: Թեհրանը հայտարարել է, որ սա վրեժ է գեներալ Սուլեյմանիի սպանության համար, գրել է BBC- ի ռուսական ծառայությունը:

Պենտագոնի գլխավոր ներկայացուցիչ, ԱՄՆ Պաշտպանության նախարարի հասարակայնության հետ կապերի հարցերով օգնական Ջոնաթան Հոֆմանն ասել է, որ Ալ-Ասադում և Էրբիլում տեղակայված ԱՄՆ-ի բազաների ուղղությամբ տասնյակից ավելի բալիստիկ հրթիռ է արձակվել :

“Ակնհայտ է, որ այդ հրթիռները արձակվել են Իրանի տարածքից և ուղղված եղել էին առնվազն երկու իրաքյան ռազմակայանների վրա, որտեղ տեղակայված է Ալ-Ասադում և Էբիլում գտնվող ԱՄՆ-ի ռազմական և կոալիցիոն անձնակազմն”,- ասել է Հոֆմանը:

Իրանական մամուլը գրում է, որ ԱՄՆ-ի ռազմակայանների ուղղությամբ արձակվել է ավելի քան 30 հրթիռ: Զոհերի մասին տեղեկություններ չկան։

Ի՞նչ է ասում Իրանը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ ամերիկյան բազաները հրթիռակոծվել են որպես վրեժ հրամանատար Սուլեյմանիի մահվան համար: ԱՄՆ նախագահ Թրամփի հրամանով իրանցի հրամանատար Ղասեմ Սուլեյմանիի սպանությունից հետո Իրանը խոստացել է կոշտ պատասխան տալ Վաշինգտոնի գործողություններին:

“Իրանը ՄԱԿ-ի Կանոնադրության 51-րդ հոդվածի համաձայն ձեռնարկել է համաարժեք միջոցներ ինքնապաշտպանության համար՝ հարձակվելով այն բազայի վրա, որտեղից սկսվել է վախկոտ հարձակումը մեր քաղաքացիների և բարձրաստիճան պաշտոնյաների վրա”, - գրել է իրանցի նախարարը թվիթերյան գրառման մեջ։ - Մենք չենք ձգտում էսկալացիայի կամ պատերազմի, բայց կպաշտպանվենք ցանկացած ագրեսիայից”։

Իրանի պետական հեռուստաընկերությունը հեռարձակել է ԱՄՆ դաշնակիցներին ուղղված ԻՀՊԿ-ի նախազգուշացումն այն մասին, որ նրանք գրոհի կենթարկվեն, եթե իրենց երկրներն օգտագործվեն Թեհրանի վրա հարձակման համար:

“Մենք նախազգուշացնում ենք ԱՄՆ-ի դաշնակիցներին, որոնք իրենց տարածքներն են տրամադրել ահաբեկչական բանակին, որ գրոհի կենթարկվի ցանկացած տարածք, որը կհանդիսանա մեկնարկային կետ Իրանի դեմ ագրեսիվ գործողությունների համար”,- ասվել է ԻՀՊԿ-ի հայտարարությունում։

Թեհրանը կոչ է արել ԱՄՆ-ին դուրս բերել իր զորքերը տարածաշրջանից՝ կանխելու զինվորականների մահը:

ԻՀՊԿ-ն նախազգուշացրել է, որ Թեհրանի դեմ ցանկացած ագրեսիա կստանա “ջախջախիչ պատասխան”:

Ի՞նչ է կատարվում Վաշինգտոնում

Սպիտակ տանը խորհրդակցություն է անցել` պաշտպանության նախարար Մարկ Էսպերի և ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մասնակցությամբ։
Թրամփը գրել է իր Twitter-ում, որ չորեքշաբթի հանդես կգա հայտարարությամբ։
“Ամեն ինչ լավ է: Իրանից հրթիռներն են արձակվել Իրաքում գտնվող երկու ռազմաբազաների ուղղությամբ”,- գրել է Թրամփը Twitter-ում:- Այժմ ընթանում են զոհերի և տուժածների թվաքանակի գնահատման աշխատանքներն: Ամեն բան նորմալ է ընթանում: Մենք ունենք հզոր և լավ զինված բանակ: Վաղը առավոտյան ես հանդես կգամ հայտարարությամբ”:
ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը (FAA) ծանուցում է հրապարակել, որի համաձայն արգելվում է ԱՄՆ-ի քաղաքացիական օդանավերին թռիչքներ իրականացնել Իրաքի, Իրանի, Պարսից և Օմանի ծոցի օդային տարածքներով: