Բավ է պառակտվել
13-07-2019 14:05

Մեղուների զանգվածային ոչնչացումը կապված է պեստիցիդների անվերահսկելի օգտագործման հետ

”Ռոսսելխոզնաձորը” (Россельхознадзор՝ խմբ) հանգել է եզրակացության, որ վերջերս ՌԴ մարզերում մեղուների զանգվածային ոչնչացումը կապված է դաշտերի վերամշակման ժամանակ պեստիցիդների անվերահսկելի օգտագործման հետ։ Գերատեսչության մամլո քարտուղար Յուլիա Մելանոն նշել է, որ վերջին ութ տարիներին Ռուսաստանում չի վերահսկվում պեստիցիդների և ագրոքիմիկատների արտադրությունը, պահելը, իրացումը և օգտագործումը։

Ներկայումս ՌԴ-ում թույլատրված է բույսերի պաշտպանության 900 անուն արտադրանք, սակայն բացակայում է դրանց ճիշտ օգտագործման վերահսկողությունը: Նշվել է, որ առանձնահատուկ վտանգ են ներկայացնում օդից դաշտերի վրա տարածվող քիմիական նյութերը։ Ինքնաթիռները հսկայական տարածքով տարածում են շատ միջատների համար թունավոր և կենդանիների, ձկների ու մարդկանց կյանքի համար վտանգավոր միացություններ։

Խնդրի սկզբնապատճառը

Մելանոն նշել է, որ ներկայիս իրավիճակի արմատները գնում են դեպի 2011 թվական, երբ Ռոսսելխոզնադզորից “փաստորեն ամբողջ ծավալով” վերցրեցին, իսկ հետո ոչ մի կազմակերպությանը չփոխանցեցին “այդ ոլորտի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությունը։ Ինչպես նշվել է, իրավասություններից զրկելու նախաձեռնությունը պատկանում է Տնտեսական զարգացման նախարարությանը (Минэкономразвития՝ խմբ)։ Ռոսսելխոզնադզորի ներկայաուցիչը կարծում է, որ նախարարությունը “պետք է իր վրա վերցնի մեղուների զանգվածային ոչնչացման և ռուսաստանցիների կողմից պեստիցիդների, նիտրատների և նիտրիտների նորմայից ավել մնացորդային քանակ պարունակող մրգերի և բանջարեղենի օգտագործման պատասխանատվությունը”։

Նա պարզաբանել է, որ Ռոսպոտրեբնադզորն (Роспотребнадзор՝ խմբ) այսօր ստուգում է մրգերում և բանջարեղենում պաեստիցիդների և ագրոքիմիկատների պարունակությունը միայն դրանք վաճառասեղաններին հայտնվելուց հետո։ Ըստ նրա, նման գործընթացը չի կարելի համարել վերհսկողություն, այն ավելի նման է փաստագրման, որ արտադրանքը պարունակում է շատ պեստիցիդներ և ագրոքիմիկատներ։ Վտանգավոր խմբաքանակ հայտնաբերելու դեպքում գերատեսչությունը պարզապես ֆիզիկապես չի հասցնում ապրանքը հանել շրջանառությունից։

Ինչպես էր նախկինում

Ռոսսելխոզնադզորի ներկայաուցիչը նշել է, որ մինչ այդ գերատեսչությունը պարբերաբար ստուգում էր ինչպես պեստիցիդների, այնպես էլ այն գյուղմթերքների արտադրողներին, որոնց արտադրության կամ փոխադրման ժամանակ օգտագործվում էին քիմիկատներ։ Նշվում է, որ այն ժամանակ ստուգվում էին շուկաները, մանրածախ առևտուրը, վերահսկվում էր ներկրվող թունաքիմիկատների իսկությունը։ Մելանոն պնդում է, որ այդ միջոցառումները թույլ էին տալիս ամեն տարի բացահայտել կեղծ արտադրանքի տասնյակ հազարավոր փաթեթներ, կանխարգելել հարյուրավոր տոննա կեղծված քիմիկատների օգտագործումը գյուղատնտեսությունում, փակել դրանց ընդհատակյա արտադրության ցեխերը։

Ռոսսելխոզնադզորի ստորաբաժանումները վերահսկում էին նաև ներմուծվող և հայրենական բուսական արտադրանքում պեստիցիդների, նիտրատների և նիտրիտների պարունակությունը։ Ոչ անվնաս մրգերն ու բանջարեղենը չէին հասցնում հասնել սպառողին, նշել է Մելանոն։

Աճել են ռիսկերը

Ըստ Մելանոյի, այսօր ամբողջ աշխարհում գյուղատնտեսների կողմից ակտիվորեն օգտագործվող քիմիկատների շուկան Ռուսաստանում չի վերահսկվում։ Մինչդեռ, համաձայն ԱՀԿ տվյալների, մրգերի և բանջարեղենի գրեթե 85 տոկոսն, այսպես թե այնպես, շփման մեջ է գտնվում տարբեր թունաքիմիկատների հետ։

Նա նաև նշել է, որ մեծացել է ռուսաստանյան շուկայում ասիական արտադրության քիմիկատներ հայտնվելու վտանգը։ Դրանց թվում առանձնակի վտանգ են ներկայացնում գլյուֆոսինատի հիման վրա պատրաստված նյութերը։

Ճապոնացի հետազոտողները պարզել են, որ այն հանգեցնում է մարդու ուղեղի զարգացման և գործունեության դանդաղեցմանը։

Ռոսսելխոզնադզորի ներկայացուցիչը եզրակացրել է, որ այս իրավիճակում գյուղատնտեսության նախարարությանը հնարավորինս արագ պետք է տրվի թունաքիմիկատների և ագրոքիմիկատների արտադրության, պահեստավորման, վաճառքի և օգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունը: Նրա կարծիքով, միայն այս քայլը կօգնի կտրուկ փոխել իրավիճակը:

2019 թվականի ամռանը Ռուսաստանի մի քանի շրջաններում՝ Բաշկիրստանում, Ուդմուրտիայում, Մարի Էլում, Տուլայի շրջանում և Ալթայի երկրամասում գրանցվել է մեղուների զանգվածային ոչնչացում։ Մասնագետները կարծում են, որ միջատները թունավորվել են քիմիական նյութերով, որոնք օգտագործվում են դաշտերում մոլախոտի դեմ պայքարում։