Բավ է պառակտվել
20-01-2022 11:31

Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհին COVID-19-ից ավելի վտանգավոր համավարակներ են սպասում

Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ աշխարհը կարող է բախվել COVID-19-ից ավելի վտանգավոր համավարակների հետ։ Նա կոչ է արել կառավարություններին միլիարդավոր դոլարներ տրամադրել ապագա պաթոգենների դեմ պայքարի և պատվաստանյութերի պաշարներն ավելացնելու համար։

Կորոնավիրուսի «օմիկրոն» և «դելտա» տարբերակները երբևէ գոյություն ունեցած վիրուսներից ամենատարածվողներն են, սակայն մարդկությունը կարող է բախվել այն պաթոգենին, որն առաջացնում է մահացության կամ ծանր հիվանդությունների շատ ավելի բարձր մակարդակ,միլիարդատերի խոսքերն է մեջբերել Financial times թերթը։

Ինչպես ասել է Գեյթսը, անհրաժեշտ կլինի միլիարդավոր դոլարներ ծախսել ապագա հիվանդություններին նախապատրաստվելու, «տրիլիոնավոր դոլարների վնասներից» զերծ մնալու և միլիարդավոր կյանքեր փրկելու համար, ինչը «բավականին լավ ապահովագրություն» կլիներ:

Ապագա համավարակի նախապատրաստմանն ուղղված նորամուծություններից շատերը կարող են նաև օգտակար լինել առկա գլոբալ առողջապահական խնդիրների լուծման համար, օրինակ՝ ՄԻԱՎ-ի պատվաստանյութի և տուբերկուլյոզի ու մալարիայի դեմ ավելի արդյունավետ պատվաստանյութերի մշակման միջոցով, հավելել է նա:

Ինչպես ավելի վաղ ասել էր Գեյթսը, աշխարհը բավականաչափ ջանքեր չի գործադրում հնարավոր նոր համաճարակին նախապատրաստվելու համար։ Նման պատրաստությունը, նրա կարծիքով, պետք է ներառի 100 օրվա ընթացքում պատվաստանյութ ստեղծելու հնարավորություն և արտադրական բազայի առկայություն, որը թույլ կտա առաջիկա 100 օրվա ընթացքում այս պատվաստանյութն արտադրել աշխարհի կարիքները բավարարող ծավալներով։ Դրա համար, նշել է Գեյթսը, անհրաժեշտ է ավելի շատ գումար ներդնել ինչպես ազգային առողջապահական համակարգերի զարգացման, այնպես էլ պատվաստանյութերի արտադրության մեջ։

Ինչպես նշում է պարբերականը, Microsoft կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսի և նրա նախկին կնոջ՝ Մելինդայի կողմից ղեկավարվող հիմնադրամը 300 միլիոն դոլար է տրամադրում Համաճարակային պատրաստության նորարարության կոալիցիային, որն օգնել է ձևավորել Covax ծրագիրը ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներին պատվաստանյութեր մատակարարելու համար: