Բավ է պառակտվել
18-02-2022 13:56

Բիլ Գեյթսը կանխատեսել է կորոնավիրուսի համավարակի ավարտը և կոչ է արել պատրաստվել նորերին

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը կարծում է, որ կորոնավիրուսի օմիկրոն շտամը կլինի համավարակի վերջին սուր փուլը և կհանգեցնի դրա ավարտին։ Այսպիսի կարծիք է հայտնել նա հինգշաբթի օրը հրապարակված Suddeutsche Zeitung-ին տված հարցազրույցում։

«Հուսով եմ, որ կորոնավիրուսի օմիկրոնի շտամի առաջացրած [հիվանդացության] ալիքը կլինի [համավարակի] վերջին սուր փուլն», - ասել է Գեյթսը: Միաժամանակ նա մտավախություն է հայտնել, որ շուտով բոլորը կմոռանան այս համավարակի մասին և կանցնեն այլ ճգնաժամերի։

«Ահա թե ինչու հիմա ուղերձը պետք է հնչի այսպես․ մենք բոլորս պետք է խելամտորեն նախապատրաստվենք [այլ համավարակներին]», - ասել է ամերիկացի գործարարը՝ նշելով, որ համավարակին պատրաստության ապահովման համար անհրաժեշտ ներդրումները փոքր են՝ համեմատած դրանից ստացվող վնասի։

Գեյթսը կարծում է, որ գումարները պետք է ներդրվեն երեք հիմնական ոլորտներում՝ վարակների հնարավոր բռնկումների մոնիտորինգ, հիվանդների ախտորոշման և բուժման միջազգային հետազոտություններ և առողջապահական համակարգերի զարգացում։ «Այս համաճարակը դարձավ ողբերգություն բոլորի համար։ Մեր բախտը բերել է, այն կարող էր տասնապատիկ ավելի վտանգավոր լինել»,- եզրափակել է նա։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Microsoft Corporation-ի հիմնադիրը գիրք է գրել «Ինչպես կանխել հաջորդ համավարակը» (How to Prevent the Next Pandemic) վերնագրով։ Դրանում ձեռներեցը նկարագրել է այն քայլերը, որոնց միջոցով հնարավոր է ապագայում խուսափել համավարակներից, ինչպես նաև ապահովել ավելի լավ բժշկական սպասարկում մոլորակի բոլոր մարդկանց համար: Սպասվում է, որ գիրքը լույս կտեսնի մայիսի 3-ին։