Բավ է պառակտվել
15-04-2021 10:43

Ավելի քան 1մլն․ ամերիկացի դիմել է Սպիտակ տանը Հայոց ցեղասպանության հարցով

Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի (ANCA) աջակիցներն ավելի քան 1 միլիոն նամակ են ուղարկել Սպիտակ տուն և ԱՄՆ Կոնգրես` Հայոց ցեղասպանության հարցով:

Վերջին ամիսներին ԱՄՆ բոլոր 50 նահանգներից ամերիկահայերը միացել են ANCA-ի կոչին, և սա հզոր խթան է հաղորդում նախագահ Բայդենին՝ այս տարվա ապրիլին Հայոց ցեղասպանության մասին անկեղծորեն խոսելու համար:

ANCA-ի նախագահ Րաֆֆի Ամպարյանը տեսաուղերձում շնորհակալություն է հայտնել համայնքին և կոալիցիայի գործընկերներին` ANCA ռազմավարական արշավի շրջանակներում 1 միլիոն հաղորդագրության նշաձողին հասնելու համար, որի նպատակն է ապահովել Հայոց ցեղասպանության վերաբերյալ ԱՄՆ քաղաքականության երկար սպասված ռեստարտին Բայդենի վարչակազմի կողմից:

«Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի անունից ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ: Շնորհակալություն ձեր հավատքի համար, շնորհակալություն ձեր նվիրվածության համար: Միասին աշխատելով՝ մենք սարեր կշրջենք: Միասին աշխատելով՝ մենք արդարության ճանապարհին ենք #MarchToJustice», - ասել է Ամպարյանը:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին, փոխնախագահ Քամալա Հարիսին, սենատորներին և Ներկայացուցիչների պալատի անդամներին ուղղված նամակներում նշվում է, որ «ամերիկյան սկզբունքային դիրքորոշումը պետք է լինի այն, որ ՆԱՏՕ-ի մեկ տասնյակ դաշնակիցների հետ միասին Անկարային համոզեն հրաժարվել ժխտման քաղաքականությունից (Ցեղասպանության), ընդունել իրենց մեղքը և պատասխանատվություն կրել իրենց հանցագործությունների հետևանքների համար»:

Նշվում է, որ «քանի որ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը հետապնդում են Հայոց հայրենիքի դեմ նոր ցեղասպանություն իրականացնելու նպատակները, ավելի, քան երբևէ կարևոր է, որ Սպիտակ տունը դադարեցնի խուսափողական արտահայտություններ և էվֆեմիստական տերմինաբանություն օգտագործել ապրիլի 24-ի իր տարեկան հայտարարություններում»։

Կոնգրեսականներին ուղղված նախաձեռնություններ

Ավելի վաղ ANCA-ն հաղորդել էր, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ստորագրահավաք է սկսել երկու կուսակցությունների շրջանում՝ կոչով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին ճանաչել Հայոց ցեղասպանությունն ապրիլի 24-ի իր ուղերձում։
Ստորագրահավաքը նախաձեռնել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Գուս Բիլիրակիսը, Ֆրենկ Պալոնեն, Դեվիդ Վալադաոն և Ջեքի Սփեյերը (հայկական լոբբիի ակտիվ ներկայացուցիչները)։

Մարտին նույն պահանջով ստորագրահավաք էր սկսվել ԱՄՆ Սենատում Արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի նախաձեռնությամբ։ Հայտարարությանը միացել էին 35 սենատոր։

Տասնամյակներ շարունակ ԱՄՆ նախագահներն ամեն տարի, ապրիլի 24-ին` Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ավելի քան 1,5 միլիոն հայ զոհերի հիշատակի օրը, հանդես են գալիս ավանդական հայտարարությամբ, բայց հայերի կոտորածը չեն անվանում «ցեղասպանություն» (genocide): Միայն Բարաք Օբաման է օգտագործել «Մեծ Եղեռն» արտահայտությունը (հայերեն՝ մեծ ցեղասպանություն):

Ամերիկացի օրենսդիրները Ցեղասպանության մասին
2019 թվականի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ճանաչեց Օսմանյան կայսրությունում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը: Կոնգրեսականները ճնշող մեծամասնությամբ հավանություն տվեցին բանաձևին՝ մատնանշելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու կարևորությունը և դեմ հանդես եկան «ԱՄՆ կառավարությունը Հայոց ցեղասպանության կամ որևէ այլ ցեղասպանության ժխտման հետ կապելու» ջանքերին:
Երկու ամիս չանցած ՝ 2019 թվականի դեկտեմբերի 12-ին, ԱՄՆ Սենատում միաձայն ընդունվեց 1915-1923 թվականներին շուրջ 1,5 միլիոն հայերի սպանությունը դատապարտող բանաձևը:
Ներկայացուցիչների պալատի և Սենատի բանաձևերը, որոնք ընդունվում են առանձին Կոնգրեսի յուրաքանչյուր պալատում, իրավական ուժ չունեն և կրում են խորհրդատվական բնույթ:

Հայոց ցեղասպանության մասին

1915 թվականի Հայոց ցեղասպանությունը XX դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար ժխտում է առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի մասսայական ոչնչացման մեղադրանքները և շատ ցավագին է արձագանքում հայկական ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կոմից հնչեցվող քննադատությանը։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչվել է շատ երկրների և մի շարք հեղինակավոր միջազգային կառույցների կողմից։ Ցեղասպանությունը ճանաչած առաջին երկիրը եղել է Ուրուգվայը 1965 թվականին, որի օրինակին հետևել են Կիպրոսը, Ռուսաստանը, Հունաստանը, Կանադան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Լիբանանը, Բելգիան, Ֆրանսիան, Պարագվայը, Արգենտինան, Շվեդիան, Բոլիվիան, Մեծ Բրիտանիան, Հոլանդիան, Սլովակիան, Գերմանիան, Լիտվան, Վենեսուելան, Լեհաստանը, Չիլին, Շվեյցարիան, Բրազիլիան, Լյուքսեմբուրգը, Ավստրան, Վատիկանը, Չեխիան, Դանիան, ինչպես նաև Լիբիայի ժամանակավոր կառավարությունը, ԱՄՆ 49 նահանգը, Սիրիան, Եվրոպական խորհրդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։