11-12-2018 15:54

Ավելի քան 150 պետություն ստորագրել է ՄԱԿ-ի միգրացիոն համաձայնագիրը

Ավելի քան 150 պետություն ստորագրել է Համաշխարհային համաձայնագիրն անվտանգ, կարգավորված և կանոնակարգված միգրացիայի մասին , որն առաջին անգամ սահմանում է աշխատանքային միգրանտների նկատմամբ մոտեցումների ստանդարտները։

DW-ն հաղորդել է, որ այսուհետ ծագման, տարանցիկ և նշանակության երկրներն ավելի ակտիվ կհամագործակցեն անօրինական միգրացիան կրճատելու նպատակով։
Մարոկոյի Մարաքեշ քաղաքում փաստաթղթի ստորագրման արարողությանը մասնակցել է ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը։
Նա միգրացիոն համաձայնագիրն անվանել է նշանակալից իրադարձություն միգրանտների հարցում միջազգային քաղաքականության մեջ։ Այս հանաձայնագիրը հստակորեն հայտարարում է պայքար անօրինական միգրացիայի և ապօրինի ներգաղթյալների մաքսանենգության դեմ։ “Միգրացիան բնական գործընթաց է, և եթե օրինական է՝ ապա լավ բան է։ Աշխատանքային միգրացիան նպաստում է Գերմանիայի բարգավաճմանը”, - հստակեցրել է նա։
Կանցլերը շեշտել է, որ առանձին երկրներ միայնակ չեն կարող լուծել անօրինական միգրացիայի խնդիրները, դա պահանջում է միջազգային համագործակցություն։ “Գլոբալացումը կարող է մարդկային լինել միայն, եթե աշխարհի բոլոր երկրներն ունենան զարգացման արդար հնարավորություններ”,- ամփոփել է Անգելա Մերկելը։

Միգրացիոն համաձայնագիրն ունի հակառակորդներ

ԵՄ որոշ երկրներ, այդ թվում՝ Ավստրան, Լեհաստանը, Սլովակիան և Չեխիան հրաժարվել են միանալ ՄԱԿ-ի միգրացիոն համաձայնագրին։ Բելգիայում համաձայնագրի նկատմամբ վերաբերմունքի հետևանքով կառավարությունը փլուզվել է։
ԱՄՆ անգամ չի մասնակցել այս փաստաթղթի մշակման կոնկրետ բանակցություններին։ Իսրայելն ու Ավստրալիան նույնպես բացասական են վերաբերվում ՄԱԿ-ի միգրացիոն համաձայնագրին։ ԳԴՀ-ում “Այլընտրանք Գերմանիայի համար” կուսակցության աջ պոպուլիստները հայտարարել են, որ այդ փաստաթուղթը տարբերություն չի դնում անօրինական և օրինական միգրանտների մեջ։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշն ընդգծել է, որ միգրացիոն համաձայնագիրը չունի իրավաբանորեն պարտադրող ուժ։ Դա պայմանագիր չէ, ուստի ենթակա չէ ստորագրման կամ հաստատման, ասել է Գուտերեշն ի պատասխան մի շարք երկրների մտավախությունների, որ նրանք կարող են կորցնել իրենց ազգային ինքնիշխանությունը:
Սակայն ՄԱԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ անհրաժեշտ է ընդունել միգրացիոն համաձայնագիրն՝ ամբողջ աշխարհում աշխատանքային միգրանտների նկատմամբ մոտեցումների միասնական ստանդարտներ սահմանելու համար։