Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը (World Wildlife Fund, WWF) մտադիր չէ հրաժարվել իր ներկա խորհրդանիշից՝ մեծ պանդայից, չնայած կենդանին այս տարվանից արդեն անհետացող տեսակ չի համարվում: Միջազգային բնապահպանական կազմակերպությունը կարող էր որպես խորհրդանիշ որեւէ այլ կենդանու պատկեր ընտրել, որին ի տարբերություն պանդայի, անհետացման վտանգ է սպառնում, սակայն հակված չէ շտապել այս հարցում:
«Մեր լոգոտիպն այնքան հայտնի է ամբողջ աշխարհում, որ այն դժվար է փոխելը: Վտանգ կա, որ դա կթուլացնի մեզ»- ասել է WWF շվեյցարական բաժանմունքի ներկայացուցիչ Պյերետա Ռեյը:
Բնության պահպանման միջազգային միությունը, որի շտաբ բնակարան շվեյցարական Գլանդե քաղաքում է գտնվում, մեծ պանդային «վտանգված տեսակի» կատեգորիայից պաշտոնապես փոխադրել է «խոցելի վիճակում» գտնվողների կատեգորիա: Հիմա վայրի բնության մեջ մոտ 2060 պանդա կա, ինչը կրկնակի շատ է, քան անցած դարի 80-ականներին:
Սակայն Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը կարծում է, որ չարժե բավարարվել այս դրական փոփոխությունով: Չէ ՞ որ պանդաների գոյությունը դեռ խոցելի է գնահատվում:
WWF –ում մեծ պանդան համարում են այդ տեսակի պաշտպանության համար հասարակական արշավի հաջողության խորհրդանիշը: Եթե WWF –ը հավատարիմ է մնացել իր խորհրդանիշին՝ 1961-ին կազմակերպության ստեղծումից ի վեր, ապա շվեյցարական Pro Natura բնապահպանական կազմակերպությունը, որի խորրդանիշն ալպիական քարայծն է, արդեն մեկ անգամ փոխել է իր լոգոտիպը: Բայց դա վաղուց էր ՝ 1916-ին, ստեղծումից յոթ տարի անց: Ի սկզբանե կազմակերպության խորհրդանիշը արջն էր, որը հետո իր տեղը զիջեց այծեղջյուրին: