Բավ է պառակտվել
16-07-2021 10:38

Գերմանիայում ջրհեղեղի հետևանքով զոհվել է 80 մարդ, ավելի քան հազարը համարվում են անհետ կորած

Գերմանիայի արևմուտքում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է առնվազն 80-ի։ Այս մասին ուրբաթ հայտնել է Bild թերթը, հղում անելով Կոբլենցի ոստիկանությանը։

Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասում տարերքի հետևանքով զոհվել է առնվազն 30 մարդ, Ռեյնլանդ-Պֆալցեում՝ առնվազն 50։ «Մենք մտավախություն ունենք, որ [զոհերի] թիվը կավելանա»,- նշել են իրավապահ մարմինները։

Միաժամանակ, n-tv հեռուստաալիքի տվյալներով, զոհերի թիվն արդեն հասել է 81-ի։ Առանձնապես շատ է տուժել ԳՖՀ հարավում գտնվող Արվայլեր ավանը (Ռեյնլանդ-Պֆալցե երկրամաս)։ Այս պահին տեղական իշխանությունները կարծում են, որ անհետ կորել է շուրջ 1,3հազ․ մարդ։ Հինգշաբթի օրը միայն Բադ-Նոյենար-Արվայլեր քաղաքի շրջանում փրկարարները ստացել են շուրջ հազար ահազանգ։ Ընդհանուր առմամբ, մարզում բնակվում է 130 հազար մարդ։

Երկուշաբթի օրվանից Գերմանիայի արևմուտքում և հարավ-արևմուտքում տեղացող հորդառատ անձրևները հանգեցրել են ավերիչ հեղեղումների։ Տեղատարափ անձրևների հետևանքով վարարել են Հռենոսի Ար և Մոսել վտակներն, ինչպես նաև Զաուեր, Պրյում, Նիմս, Կիլ և Էրֆտ գետակներն, ընդ որում՝ փորձագետների կանխատեսումներից ավելի շատ։ Տարերքի հարվածի տակ առաջին հերթին հայտնվել են Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա և Ռեյնլանդ-Պֆալցե դաշնային երկրամասերը։

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է ֆինանսական օգնություն ցուցաբերել տուժած շրջաններին: ԳԴՀ կառավարության ղեկավարը նաև նշել է, որ Արևմտյան Գերմանիայում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքների մասշտաբը կարող է ամբողջությամբ գնահատվել միայն գալիք օրերին: