Բավ է պառակտվել
07-03-2020 21:24

Ռուսաստանում բացահայտվել է կորոնավիրով վարակման 4 նոր դեպք

Ռուսաստանում մեկ օրվա ընթացքում բացահայտվել է COVID-19-ով վարակվելու չորս նոր դեպք, հայտնել են օպերատիվ շտաբից: Նրանք բոլորն այցելել են Իտալիա:

Երեք վարակվածը գտնվում են Լիպեցկում, նրանցից երկուսի մոտ հիվանդությունն ընթանում է առանց արտահայտված ախտանշանների։ Եվս մեկ վարակված գտնվում է Սանկտ-Պետերբուրգում։ Ներկայումս բոլորը հոսպիտալացվել են և գտնվում են ինֆեկցիոն բոքս-հիվանդասենյակներում։
Բացահայտվել են նաև նրանց հետ շփումներ ունեցած մարդիկ։ Նրանք կգտնվեն բժշկական հսկողության տակ։

Ըստ Լիպեցկի նահանգապետ Իգոր Արտամոնովի, հիվանդները ստանում են անհրաժեշտ բուժում իրենց մարզերում: “Հիվանդները մեկուսացված են և ստանում են անհրաժեշտ բուժում: Բժիշկները գնահատում են նրանց վիճակը բավարար: Հիվանդների հետ շփումներ ունեցած բոլոր մարդկիկ մեկուսացվել են և գտնվում են բժշկական հսկողության տակ։ Նահանգի բոլոր ծառայությունները գործում են հստակ և համաձայնեցված”,- գրել է նա Instagram- ում:

Սանկտ Պետերբուրգում COVID-19-ը հայտնաբերվել է մի կնոջ մոտ, նրա վիճակը նույնպես բավարար է: “Նա Սանկտ-Պետերբուրգի բնակիչ է, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի: Այժմ նա գտնվում է Բոտկինի անվ․ հիվանդանոցում, վիճակը բավարար է”, - հայտնել են “Ինտերֆաքս”-ին Ռոսպոտրեբնադզորից։

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում գրանցվել է COVID-19-ի 17 դեպք: Չինաստանի երկու քաղաքացի և մեկ մոսկվացի արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: Առողջացել են, բայց դեռևս հսկողության տակ են մնում նաև Ճապոնիայից՝ Diamond Princess նավից էվակուացված երեք անձը։

Աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 102 հազարը, մահացել է ավելի քան 3,4 հազար մարդ: