Բավ է պառակտվել
18-04-2017 14:23

Անցած տարվա ընթացքում աշխարհում սովյալների թիվն աճել է հասնելով 108 մլն-ի

 

Աշխարհով մեկ սովից տառապող մարդկանց թիվն աճել է 28 մլն-ով, հասնելով 108 մլն-ի: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովին կից Միացյալ հետազոտական կենտրոնի մամուլի ծառայության աշխատակից Նինա Կայանդերը՝ ներկայացնելով 2016թ. համապատասխան վիճակագրությունը (2015թ. համեմատությամբ):
Մասսայական սովը հիմնականում կապված է տևական ռազմական կոնֆլիկտների հետ: Պարենամթերքի աղետալի սղության հետ կապված իրավիճակը սրվել է Սիրիայում, Հարավային Սուդանում, Սոմալիում, Յեմենում և Իրաքում: 2011թ. կոնֆլիկտի սկզբից մինչ օրս տարեցտարի պարենամթերքի սղությունն ավելի է խորանում, իսկ Եմենի 22 մարզերից 20-ը ճգնաժամային իրավիճակում են գտնվում հիմնականում Արևմուտքի աջակցությունը վայելող Սաուդյան Արաբիայի միջամտության պատճառով:
Չնայած պարենամթերքի ապահովմանն ուղղված միջազգային ջանքերին, 2016թ. դրությամբ ողջ աշխարհում 108 մլն մարդ ապրում են պարենային անկայունության պայմաններում:
ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի(World Food Programme, WFP) և ՅՈւՆԻՍԵՖ-ի աջակցությամբ գիտնականները համաշխարհային պարենային ճգնաժամի վերլուծություն են իրականացրել:

Մահվան շեմին
Մասսայական սովի հիմնական պատճառները, հետազոտողների կարծիքով, հանդիսանում են զինված հակամարտություններն ու կլիմայական փոփոխությունները:
«Տասը ծանրագույն հումանիտար ճգնաժամերից ինը ներքին զինված հակամարտությունների արդյունք են, ինչը ևս մեկ անգամ ընդգծում է խաղաղության խնդրի և պարենային անվտանգության փոխկապակցվածությունը»,- նշում են հետազոտական կենտրոնի փորձագետները:
Առավել խոցելի երկրների ցուցակում են հայտնվել Եմենը, Սիրիան և Իրաքը: « Այսօր սովի վտանգի առաջ են հայտնվել երեք երկիր՝ Հարավային Սուդանը, Սոմալին, Եմենը և Նիգերիայի հյուսիս-արևելյան հատվածը: Պարենային և հումանիտար օգնության հսկայական ծավալների կարիք ունեն նաև Իրաքը, Սիրիան (ներառյալ հարևան երկրներ գաղթած սիրիացի փախստականները), Մալավին և Զիմբաբվեն»,- ասված է հետազոտության մեջ:
Գիտնականների խոսքերով, ընթացիկ տարում աշխարհում մարդասիրական օգնության և պարենային անվտանգության ամրապնդման անհրաժեշտությունը միայն աճելու է:
« Այն, ինչն այսօր պարենային անվտանգության խնդիր է համարվում, վաղը կարող է ազգային անվտանգության խնդրի վերածվել,- կարծում է ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի ղեկավար Էրթարին Կազինը:- Միջազգային հանրությունը պետք է անհապաղ գործողություններ ձեռնարկի՝ սովահար մահվան շեմին հայտնված միլիոնավոր մարդկանց կյանքը փրկելու և գոյությունն ապահովելու համար»,- նշում է նա: