Բավ է պառակտվել
01-03-2022 11:21

Ի՞նչ արեց Արևմուտքը, երբ Թուրքիան ներխուժեց Ղարաբաղ. Թանկյանը մեղադրել է Արևմուտքին կեղծավորության մեջ

Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին աշխարհասփյուռ հայերը հիշում են 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի պատերազմը Լեռնային Ղարաբաղի դեմ և որպես կեղծավորություն են ընդունում Արևմուտքի ընտրական համակրանքը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ամերիկացի հայտնի ռոք երաժիշտ, System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը։

«Արևմուտքի ուշադրությունը կարծես թե թեքվում է դեպի նոր մեծ շուկաներ, ուր նրանք կարող են մուտք գործել: Ի վերջո, ի՞նչ արեց Արևմուտքը, երբ Թուրքիան ներխուժեց Կիպրոս, Սիրիա, Լիբիա և Լեռնային Ղարաբաղ», - հարց է տվել Թանկյանը:

Նա հիշեցրել է, որ 1993 թվականին, ղարաբաղյան առաջին պատերազմում Ադրբեջանի պարտությունից հետո, Թուրքիան միակողմանի փակեց Հայաստանի հետ սահմանը։ Այդ ժամանակից ի վեր հայ-թուրքական արձանագրություններով քողարկված կարգավորման ջանքերը ձախողվել են Թուրքիայում Ադրբեջանի լոբբիստական ​​ջանքերի պատճառով:

«2020 թվականին Թուրքիան միացավ Ադրբեջանին՝ հարձակվելով Լեռնային Ղարաբաղի (հայերեն՝ Արցախ) խաղաղ բնակչության վրա, որտեղ հայերն ապրում էին անհիշելի ժամանակներից, որն ավարտվեց դաժան հումանիտար աղետով և հայերի արտաքսմամբ իրենց պատմական հայրենիքից։ Ղարաբաղի հսկայական տարածք օկուպացված է ադրբեջանցիների կողմից, իսկ այնտեղ և հենց Հայաստանում ապրող հայերը ենթարկվում են Բաքվի նավթային բռնապետության մշտական ​​հարձակումների»,- գրել է Թանկյանը։

Նա նշել է, որ Ադրբեջանն ուզում է Ղարաբաղն առանց հայերի, իսկ խոշտանգումների, գլխատումների ու սպանությունների դաժան տեսանյութերից պարզ է դառնում, որ նրանք դժվար թե հետևեն տարածաշրջանում Ղարաբաղի կարգավիճակի կարգավորման հրահանգներին։

«Թուրքիան, ինչպես հայտնի է, իր օսմանյան անցյալում, սկսած 1915թ.-ից իրականացրել է մոտ 1,5 միլիոն հայերի, հույների և ասորիների ցեղասպանություն։ Իրար հաջորդող թուրքական կառավարություններն ամբողջ ուժով փորձում էին ժխտել ցեղասպանությունը։ Էրդողանի օրոք Թուրքիան ավելի հեռու գնաց և սպառնաց հայերին նոր ցեղասպանությունով»,- գրել է Թանկյանը։

Նա հիշեցրել է, որ վերջին ամիսներին Անկարայի և Երևանի միջև հարաբերությունները կարգավորելուն ուղղված ջանքեր են սկսվել, որոնք, հավանաբար, դրդվում են Արևմուտքի կողմից թե՛՛ 2020 թվականի Արցախյան դաժան պատերազմի ժամանակ իրենց լռությունը արդարացնելու, թե՛ Հայաստանը ռուսական ազդեցության գոտուց աստիճանաբար դուրս բերելու համար։ Աշխարհի հայությունը տրավմատիկ վիճակում է՝ ստիպված լինելով ընդունել հարաբերությունների կարգավորումը ցեղասպան պետության հետ, որը շարունակում է ժխտել Հայոց ցեղասպանությունը:

«Ոչ մի հայ լավ գաղափար չի համարում կարգավորումն առանց հաշտեցման: Արդյո՞ք Իսրայելը որպես աշխարհի բոլոր հրեաների հայրենիք իր գոյության սկզբից կընդուներ նման պայմանները, եթե չլիներ Նյուրնբերգյան դատավարությունը, և եթե Գերմանիան հերքեր իր դերակատարամը Հոլոքոստի մեջ»,- նորից հարց է բարձրացրել Թանկյանը։

Նրա խոսքով, Թուրքիայի և Հայաստանի ժողովուրդների միջև հարաբերությունների կարգավորման անհրաժեշտությունը կարևոր է հենց հիմա՝ որպես քայլ դեպի վստահության ամրապնդում՝ Հայոց ցեղասպանության ճանաչման և դրան հաջորդած արդար քայլերի բարդ խնդիրների լուծման համար։ Ի վերջո, կարգավորումն ու հաշտեցումը նույն բանը չեն, թեև մեկը կարող է հանգեցնել մյուսին։

«Թուրքիայի բռնապետ Էրդողանը և նրա կառավարությունը իրականում երբեք չեն գնա այս քայլին, ուստի կարևոր է նշել, որ Թուրքիայի իրական ժողովրդավարական վերափոխումն անհրաժեշտ է, որպեսզի ի վերջո տանի Հայաստանի հետ հաշտեցման:
2020 թվականի ղարաբաղյան պատերազմից հետո Հայաստանի ներկայիս աշխարհաքաղաքական վիճակը պահանջում է հարաբերությունների կարգավորում Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Հայաստանին ժամանակ է պետք բանակը, պետական ​​ինստիտուտները և արդեն աճող տնտեսությունը վերականգնելու համար»,- գրել է Թանկյանը։

Նա նշել է, որ եթե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը ընդունվի, Հայաստանը պետք է խոհեմ լինի տնտեսական պաշտպանությունն օրենսդրորեն ապահովելու հարցում, որպեսզի թուրքական ավելի խոշոր ընկերությունները չվտանգեն իր ազգային տնտեսությունը։ Թանկյանը Հայաստանի համար օգուտներ է տեսնում դեպի Եվրոպա նոր առևտրային ուղիների բացման մեջ և նշում, որ աշխարհաքաղաքական իրողությունից ելնելով Հայաստանին խաղաղություն է պետք։