Բավ է պառակտվել
14-11-2020 01:32

Դեմոկրատները Բայդենին խնդրել են վերանայել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը

Մի խումբ դեմոկրատ սենատորներ նախագահական ընտրություններում իր հաղթանակի մասին հայտարարած Ջո Բայդենին խնդրել են երդմնակալությունից հետո վերանայել Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետ կապված:

«Չնայած մենք ողջունում ենք խաղաղությունը, մենք խորապես մտահոգված ենք այդ համաձայնագրի ինչպես կարճաժամկետ, այնպես էլ երկարաժամկետ հետևանքներով, որը չի լուծում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի խնդիրը: Բացի այդ, մենք հավատում ենք, որ այս ողբերգական ավարտից հնարավոր կլիներ խուսափել, եթե ԱՄՆ-ը և միջազգային հանրությունն ավելի վճռական գործեր», - ասվում է նախօրեին Բայդենին հղված նամակում:

«Շատ երկար ժամանակ մենք համակերպվել ենք Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաշունչ հռետորաբանության հետ, և արդյունքն այժմ ակնհայտ է: (Նախագահական) պաշտոնը ստանձնելուց հետո դուք հնարավորություն կունենաք կիրառել տարածաշրջանի նկատմամբ նոր քաղաքականություն, քաղաքականություն, որը կաջակցի ժողովրդավարությանը, մարդու իրավունքները և ինքնորոշման իրավունքը», - կոչ են արել նամակի հեղինակները:

Նրանք Բայդենին և նրա նոր վարչակազմին խնդրում են դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելը, միանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի բանակցություններին, տրամադրել մարդասիրական օգնություն և աջակցել ականազերծման և հայ փախստականներին վերադարձնելու ջանքերին: Բացի այդ, նամակի հեղինակները կարծում են, որ անհրաժեշտ է «վերանայել ԱՄՆ-ի քաղաքականությունը Թուրքիայի նկատմամբ, մի երկիր, որը լինելով ՆԱՏՕ-ի անդամ, բազմիցս գործում է ընդդեմ ԱՄՆ-ի շահերի», ինչպես նաև ամրապնդել հարաբերությունները Հայաստանի հետ:

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրեցին համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման մասին: Հայտարարության համաձայն, մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերն իրականացնում են գերիների փոխանակում, շփման գծի և Ղարաբաղը Հայաստանի հետ կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահները: