Բավ է պառակտվել
19-10-2020 12:05

Բունդեսթագի պատգամավորները կոչ են անում խիստ պատժամիջոցներ սահմանել Բաքվի և Անկարայի համար

Բունդեսթագի գերմանացի պատգամավորները Ստեփանակերտից Գերմանիայի իշխանություններին կոչ են անում խիստ պատժամիջոցներ կիրառել Անկարայի ու Բաքվի ղեկավարների նկատմամբ՝ նրանց ստիպելով դադարեցնել պատերազմը:

Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Կոտրեն մարդկության դեմ հանցագործություն է համարում Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի Զինված ուժերի կողմից Արցախի խաղաղ բնակչության թիրախավորումը։
«Գերմանական մամուլն արդար ձևով չի ներկայացնում այս պատերազմը, այդ պատճառով կարևոր էր, որ մենք գայինք այստեղ և մեր աչքերով տեսնեինք իրականությունը: Մենք եղել ենք Շուշի քաղաքում ու տեսել, որ Ադրբեջանը թիրախավորել է եկեղեցին: Այսօր Ստեփանակերտում մեր աչքով տեսել ենք, որ բնակելի շենքերն են հրթիռակոծվել, որոնց մոտակայքում որևէ ռազմական տեխնիկա կամ օբյեկտ չի եղել: Մենք արձանագրել ենք, որ Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ հարձակում է գործել Արցախի խաղաղ բնակչության վրա, ինչը մեծ հանցագործություն է մարդկության դեմ»,- ասաց պատգամավորը:
Շտեֆեն Կոտրեն նշեց, որ իրենք աշխարհի խորհրդարաններին կոչ են անում խոսքից անցնել կոնկրետ գործողությունների:
«Պետք է պատժամիջոցներ կիրառվեն Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ, որ այս պատերազմը շուտ վերջանա »,- նշեց Կոտրեն:
Անդրեաս Գալաո էլ նկատեց,որ  Գերմանիան զենքով չի կարող օգնել, բայց կարող է Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ սահմանել:
«Օրինակ` Գերմանիայի կառավարությունը կարող է նրանց նկատմամբ զենքի վաճառքի էմբարգո կիրառել, կամ արգելել այդ երկրների իշխանության ներկայացուցիչ որոշ անձանց մուտքը Գերմանիա։ Կարող է նաև սառեցնել այդ անձանց գերմանական բանկերում ունեցած ֆինանսները, կարող է նաև ֆինանսական սահմանափակումներ կիրառել Թուրքիայի նկատմամբ»,– ասաց նա։

Պատգամավորը նշում է ,որ Ադրբեջանը Թուրքիայի հրամանով անտեսել է Մինսկի խմբի խաղաղ գործընթացը և որոշել, որ այս հարցը բռունցքներով է պետք լուծել:
«Ադրբեջանի քայլերը հաշվի առնելով, կարող ենք ասել, որ երբեք պատրաստ չէր հարցի՝ խաղաղ ճանապարհով լուծման: Սա Արցախի բնակչությանը բնաջնջելու փորձ է: Թուրքիայի կողմից նման փորձ մենք արդեն տեսել ենք, ծանոթ ձեռագիր է: Ես մեր կոչը կրկնում եմ՝ ծանր պատժամիջոցներ են պետք Բաքվի և Անկարայի կռվարար ղեկավարների դեմ»,– ասաց պատգամավորը:

Բունդեսթագի պատգամավոր Շտեֆեն Քոթրեն էլ մեկնաբանեց, որ իրենք ներկայացնում են Գերանիայի խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժը, և կարող են ազդել Գերմանիայի իշխանությունների վրա Ադրբեջանի ու Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին որոշում կայացնելու հարցում։

Իսկ եթե ապացուցվի, որ Ադրբեջանն այդ ահաբեկիչներին բերում է Արցախ դեմ կռվելու համար, մենք պետք է Ադրբեջանին համարենք միջազգային ահաբեկչության գլխավոր դերակատարներից` հայտարարեցին գերմանացի պատգամավորները: