Բավ է պառակտվել
01-04-2022 00:06

Նոր Զելանդիայում տասնյակ օդաչու կետեր նետվել են ափ ու սատկել

Հաջողվել է փրկել միայն մի քանի կենդանու։

Նոր Զելանդիայի Բնության պահպանության դեպարտամենտը հայտնել է, որ ավելի քան երկու տասնյակ օդաչու կետեր կամ սև դելֆիններ են սատկել Հարավային կղզում լողափերից մեկը նետվելու արդյունքում: Դա տեղի է ունեցել հինգշաբթի՝ մարտի 17-ին։

Ափին հայտնաբերվել է 34 օդաչու կետ (Globicephala melas), որոնցից հինգին հաջողվել է հանել ծանծաղուտից և փրկել։ Փրկված դելֆիններից մեկին ստիպված է եղել էվթանազիայի ենթարկել, քանի որ կենդանին «շատ վատ վիճակում է եղել, սթրեսի լուրջ նշաններ են եղել, և նա այլևս չէր կարող ապրել»:

Հայտնի չէ, թե ինչու են օդաչու կետերը ափ նետվում։ Գերատեսչության տվյալներով՝ վերջին 15 տարիների ընթացքում ընդամենը 10 օդաչու կետ է նետվել Farewell Spit լողափ: Փոխարենն՝ այլ վայրերում այս դելֆինները շատ ավելի զանգվածաբար են ափ նետվում. օրինակ՝ 2020 թվականին 470 օդաչու կետ հայտնվել էր ծանծաղուտներում Թասմանիայի ափերի մոտ, Շրի Լանկայում 120 դելֆինի երամ էր դուրս նետվել ափ, իսկ շուրջ հարյուր օդաչու կետ և աֆալին սատկել էին Նոր Զելանդիայի ափերի մոտ մեկ այլ վայրում:

Տեսություններից մեկն ենթադրում է, որ կետերի և դելֆինների էխոլոկացիան կարող է խափանվել ափամերձ ծանծաղ ջրերում, ինչը հանգեցնում է կենդանիների ապակողմնորոշմանը: Ենթադրվում է նաև, որ երբ երամի մի անդամը ափ է նետվում, մնացածները՝ մեծ հավանականությամբ, հետևում են նրան։