Բավ է պառակտվել
22-06-2021 15:40

ԱՄՆ համար Չինաստանի հետ մրցակցությունը ԽՍՀՄ հետ սառը պատերազմից ավելի ծանր կլինի․ ԿՀՎ նախկին ղեկավար

Չինաստանի հետ մրցակցությունը ԱՄՆ-ի համար շատ ավելի բարդ կլինի, քան սառը պատերազմը Խորհրդային Միության հետ: Այս կարծիքն է հայտնել Պենտագոնի նախկին ղեկավար և ԿՀՎ նախկին տնօրեն Ռոբերտ Գեյթսը, ելույթ ունենալով Ռոնալդ Ռեյգանի ինստիտուտի կազմակերպած վիրտուալ միջոցառման ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա կարծիքով, ԱՄՆ-ի և ՉCՀ-ի մրցակցությունը չպետք է անվանել սառը պատերազմ, քանի որ դա «չափազանց պարզեցնում է» իրավիճակը: Այս ձևակերպումն, ըստ Գեյթսի, տպավորություն է ստեղծում, որ «դա նման կլինի Խորհրդային միության հետ մրցակցությանը»: Նա հավելել, է, որ «Սա շատ առումներով շատ ավելի դժվար մրցակցություն կլինի, քան Խորհրդային Միության հետ մրցակցությունը»:

Ըստ Գեյթսի, սառը պատերազմի տարիներին Վաշինգտոնի համար իրավիճակն ավելի դյուրին էր, մասնավորապես, ԱՄՆ-ի և ԽՍՀՄ միջև «տնտեսական զարգացման անհամապատասխանության» շնորհիվ: «Չինաստանը մեզ համար բոլորովին այլ մարտահրավեր է, քանի որ դա մի պետություն է, որը գործում է շատ մակարդակներում: Այն ունի տնտեսական հզորություն, որը մրցակցում է մերի հետ: Մենք [չինական] «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին այլընտրանք չունենք», - ասել է Պենտագոնի և ԿՀՎ նախկին ղեկավարը: Նրա կարծիքով, այս ծրագիրը «կտարածի չինական ազդեցությունը աշխարհում»:

Խոսելով Չինաստանի մասին Գեյթսը նշել է, որ «դա մի երկիր է, որն առաջ է ձգտում գիտության և տեխնոլոգիաների ոլորտում, որն ընդունում է այլ երկրների ուսանողներին իր մոտ սովորելու»: «Չինաստանը մարտահրավեր է նետում մեզ և այլ ժողովրդավարական երկրներին, օգտագործելով բազմաթիվ գործիքներ, որոնք մենք կիրառում էինք Խորհրդային Միությանը մարտահրավեր նետելու համար», - ասել է Գեյթսը: «Մենք չենք սկսել անգամ ռազմավարություն մշակել, թե ինչպես պետք է մրցակցել այս բոլոր մակարդակներում»:

«Չինացիները միշտ կարող են մատնանշել այն, ինչ արել են ենթակառուցվածքների զարգացման գործում, այն փաստը, որ նրանք բառացիորեն հարյուր միլիոնավոր մարդկանց դուրս են բերել աղքատությունից», - հավելել է ԱՄՆ նախկին Պաշտպանության նախարարը: «Եվ չինացիները, իհարկե, չեն մոռանում իրենց զինված ուժերի մասին: Նրանք այժմ ունեն ամենամեծ նավատորմն», - ասել է նա: «Կարծում եմ, որ մեզ համար սա շատ ավելի լուրջ մարտահրավեր է, քան երբևէ եղել է Խորհրդային Միությունը», - եզրափակել է Գեյթսը: