Բավ է պառակտվել
02-06-2014 14:44

"ԱՄՆ իշխանությունները ինձնից խլել են անձնագիրս, որպեսզի ինձ ներկայացնեն որպես ռուս լրտես". Էդվարդ Սնոուդեն

ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը այսօր O Globo բրազիլիական հեռուստատեսությանը տված իր հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ չէր նախատեսել մնալ Ռուսաստանում. նա ընդամենը ուղևորվում էր Էկվադոր Հոնգկոնգից, որտեղ նախքան այդ լրագրողներին էր փոխանցել ԱՄՆ հատուկ ծառայությունների կողմից լայնածավալ լրտեսման մասին վկայող փաստաթղթերի ֆայլերը:
Սնոուդենը հիմարություն անվանեց մամուլի կողմից արված այն ենթադրությունները, որոնց համաձայն Չինաստանի հատուկ ծառայությունները կարող էին որևէ եղանակով կրկնօրինակել վերոհիշյալ ֆայլերը:
"Ես կիբերանվտանգության գծով փորձագետ չեմ եղել և սովորեցրել եմ Ազգային անվտանգության գործակալության աշխատակիցներին, թե ինչպես կարելի է խուսափել նման երևույթներից", - պարզաբանել է նա և ընդգծել, որ երբեևէ չի համագործակցել և չի համագործակցում որևէ օտարերկրյա պետության հետ:
Նախկին լրտեսը նաև հաղորդել է, որ Մոսկվայում "բաց կյանքով" է ապրում:
"Ես համոզված եմ, որ ռուսները ինչ-որ եղանակով հետևում են ինձ, սակայն ես ոչինչ չեմ նկատել", - ասել է նա:
"Անվտանգությունից ելնելով՝ ես չեմ կարող հայտնել իմ բնակության վայրը: Սակայն ես զարմանալիորեն բաց կյանքով եմ ապրում", - նշել է նա:
Նա ընդգծել է, որ իրեն դավաճան չի համարում, չի զղջում իր ընտրության համար. դեռ ավելին՝ ամեն առավոտ նա արթնանում է բավականության զգացումով:
"Ես չեմ երազում ո'չ ԱՄՆ կառավարության անկման, ո'չ էլ Ազգային անվտանգության ծառայության վերացման մասին: Ես ցանկանում եմ, որպեսզի նրանք բարելավեն իրենց վիճակը... Ես շատ կցանկանայի, որպեսզի արդար դատավարություն տեղի ունենար, սակայն գիտեմ, որ ԱՄՆ-ում ինձ չի սպասվում արդար դատավարություն", - նշել է նախկին գործակալը:
Սնոուդենը նաև խոստովանել է, որ չգիտի, թե ինչ տեղի կունենա նրանից հետո, երբ լրանա ՌԴ իշխանությունների կողմից շնորհված իր ժամանակավոր ապաստանի ժամկետը: Նա նշել է, որ մեծ ուրախությամբ կապրեր Բրազիլիայում, եթե իրեն թույլ տային և հավելել է, որ ավելի վաղ դիմել է բրազիլիական իշխանություններին իրեն ապաստան տալու խնդրանքով: Սակայն Բրազիլիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Սնոուդենից այդ հարցով պաշտոնական հայց չի ստացվել և այդ իսկ պատճառով, չի ուսումնասիրվել նրան ապաստան շնորհելու մասին հարցը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի հունիսին ԱՄՆ Ազգային անվտանգության ծառայության IT բաժնի աշխատակից Էդվարդ Սնոուդենը բացահայտել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից զանգվածային էլեյտրոնային լրտեսության մասին ծրագրերի փաստը: Օգոստոսի 1-ին ՌԴ իշխանությունները որոշում են ընդունել Սնոուդենին մեկ տարվա ժամկետով ժամանակավոր ապաստան տալու մասին:
Էդվարդ Սնոուդենի բացահայտումները դարձել են Հարավային Ամերիկյայի և ԱՄՆ-ի միջև աղմկահարույց սկանդալների և հարաբերությունների կտրուկ վատթարացման պատճառ: Մասնավորապես, Բրազիլիայի նախագահ Դիլմա Ռուսեֆի այցը ԱՄՆ հետաձգվեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ամերիկյան հատուկ ծառայությունները լրտեսում էին նրա հեռախոսազանգերը:
Ըստ եվրոպական մամուլի տեղեկությունների, ամերիկյան հատուկ ծառայությունները հետևել են Եվրախորհրդի 28 երկիր-անդամների ներկայացուցիչներին, ինչպես նաև լրտեսել են նրանց զանգերը: Ըստ բրիտանական The Guardian թերթի, ամերկյան հատուկ ծառայությունները նաև հետևել են Վաշինգտոնում այդ երկրների դեսպանատներին: