Բավ է պառակտվել
17-07-2019 14:56

Փորձագետը նշել է Սևանի “աղետի” պատճառը և “առողջացման” դեղատոմսը

Սևանա լճի “աղետալի” վիճակի պատճառը Սևանից ջրի պարբերական բացթողումներն են և լճի մակարդակի տատանումները, ասել է չորեքշաբթի էկոլոգ Կարինե Դանիելյանն Ազգային ժողովում “Սևանա լճի խնդիրները” լսումների ժամանակ։

Հուլիսի սկզբից Սևանա լճի ափին որոշ հատվածներում նկատվել է ցիանիբակտեր (cyanobacter) կամ կապույտ-կանաչ ջրիմուռների կուտակում, ինչը հանգեցրել է ջրի կանաչ գունավորմանը: Այդ ջրիմուռների որոշ տեսակներ արտադրում են թունավոր նյութեր (տոքսիններ), որոնք բացասաբար են անդրադառնում կենդանիների և մարդկանց առողջության վրա, և որոնց ազդեցությանը մարդիկ կարող են ենթարկվել “ծաղկած” ջուրը խմելիս, լողալիս կամ պատահական կուլ տալիս։ Այս առնչությամբ ՀՀ առողջապահության նախարարությունը քաղաքացիներին կոչ է արել խուսափել Սևանա լճի այն վայրերում լողալուց, որտեղ ափի մոտ նկատվում են կապույտ-կանաչ ջրիմուռների կուտակումներ:

“Սևանի շուրջ ստեղծված իրավիճակն իսկապես աղետալի է, քանի որ նրա բնական հավասարակշռությունը փաստորեն խախտվել է: Բնապահպանները բազմիցս հորդորել են կառավարությանը հրաժարվել ջրի մակարդակի պարբերական իջեցման պրակտիկայից, քանի որ մակարդակի տատանումները ազդում են լճի վիճակի վրա, սակայն, այս պրակտիկան շարունակում է կիրառվել և արդեն տալիս է իր “պտուղներն”, - ասել է Դանիելյանը:

Նրա խոսքերով, լիճը կարող է “առողջանալ” միայն ջրի մակարդակի զգալի բարձրացման շնորհիվ, որի համար անհրաժեշտ է կառավարության նոր և համակարգված մոտեցում ` հաշվի առնելով գլոբալ իրողությունները:

“Լճին հատուկ ուշադրություն էր դարձվում դեռևս խորհրդային տարիներին, բայց այն ժամանակ կլիմայի գլոբալ փոփոխություն չկար։ Արդեն այն ժամանակ առաջարկվող 6 մետրով ջրի մակարդակի բարձրացումը հաշվի չէր առնում ներկա իրավիճակը, ուստի պետք է վերանայվի”, - ասել է նա:

Դանիելյանը կոչ է անում վերականգնել 2014-2018 թթ. նախագահին կից գործող Սևանի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը` Հայաստանի վարչապետի անմիջական հսկողության ներքո համակարգելու լճի փրկությանն ուղղված միջոցռումները։

“Հանձնաժողովը, որը ներառում էր պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները, կարողացավ պետության ուշադրությունը սևեռել Սևանի խնդիրներին, վերահսկել էկոլոգիական իրավիճակը ափամերձ գոտում, ափերի աղտոտվածության մակարդակը և դադարեցրեց ջրի բացթողման փորձերը։ Եվ այսօր անհրաժեշտ է ստեղծել Սևանի փրկության փորձագիտական շտաբ, որը կգտնի իրավիճակի օպերատիվ լուոծումներ”, - ասել է նա:

Միևնույն ժամանակ, փորձագետը նաև ընդգծել է երկրում ոռոգման համակարգի արդիականացման անհրաժեշտությունը, նշելով, որ Սևանից ջրառի դեպքում ջրի ավելի քան երկու երրորդը նպատակային չի օգտագործվում: