Բավ է պառակտվել
30-09-2021 14:41

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին դատապարտվել է ազատազրկման

Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Նրան թույլատրվել է պատիժը կրել տանը, սակայն նա պարտավոր է էլեկտրոնային թևնոց կրել բոլոր 12 ամիսների ընթացքում: Սարկոզին հայտարարել է, որ կբողոքարկի որոշումը:

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման 2012 թվականի նախընտրական քարոզարշավի ծախսերը գերազանցելու համար: Այս մասին հայտնում է BFM.TV- ն:

Նա այդ ժամկետն անցկացնելու է բանտից դուրս, բայց պետք է էլեկտրոնային թևնոց կրի: Le Mondé-ը նախօրեին հաղորդել էր, որ դատախազը պահանջել է մեկ տարվա ազատազրկում, որից վեց ամիսը`պայմանական, ինչպես նաև 3.750 եվրո տուգանք:

Դատարանը որոշեց, որ Սարկոզին անտեսել է հաշվապահների նախազգուշացումները և գերազանցել ծախսերի օրենքով սահմանված սահմանները, ձգտելով իր կողմը գրավել ընտրողներին․ նախընտրական քարոզարշավի ֆինանսավորումը Սարկոզիին արժեցել է 42,7 միլիոն եվրո, ինչը մոտ երկու անգամ ավելի է օրենքով թույլատրվածից: Դատարանը համարեց, որ Սարկոզին տեղյակ է եղել առկա օրենսդրական սահմանափակումների մասին, սակայն միջոցներ չի ձեռնարկել ավելորդ ծախսերից խուսափելու համար:

Ինքը՝ Սարկոզին, հայտարարել է, որ անմեղ է և խոսել «իր պատիվը կրքոտ պաշտպանելու» պատրաստակամության մասին: Դատավճռի կայացման պահին Սարկոզին ներկա չէր դատարանում, հաղորդում է BFM.TV- ն:

Ավելի ուշ Սարկոզիի փաստաբան Թիերի Հերցոգը հայտարարել է, որ Սարկոզին կբողոքարկի դատարանի որոշումը:

2012 թվականի նախընտրական արշավը, որին Սարկոզին մասնակցում էր «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության կազմում, սպասարկում էր «Բիգմալիոն» PR գործակալությունը: Գերածախսը թաքցնելու համար գործակալությունը կեղծ հաշիվ -ապրանքագրեր է տրամադրել կուսակցության նախընտրական շտաբին չտրամադրված ծառայությունների համար՝ 10 միլիոն եվրոյի չափով: Հետաքննության ընթացքում այդ գումարը գրեթե կրկնապատկվել է: Ֆրանսիական և համաշխարհային մամուլում գերածախսի հետ կապված սկանդալը կոչվել է գործակալության անունով՝ Bygmalion Affair։