Այս պահին Սևանա լճի համար հիմնական սպառնալիք է հանդիսանում ջրի աղտոտումը օրգանական նյութերով և բիոգեն տարրերով, ինչի արդյունքում անցյալ տարի լիճը ծաղկել էր։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ ԳԱԱ հիդրոէկոլոգիայի և ձկնաբանության ինստիտուտի տնօրեն, կենսաբանական գիտությունների դոկտոր Էվելինա Ղուկասյանը:
Նրա խոսքերով, այս ամռանը հուլիս-օգոստոսին կրկին սպասվում է լճի ծաղկում, բայց ոչ անցած տարվա մասշտաբով:
“Ծաղկումն առաջանում է օրգանական նյութերի ավելցուկի կուտակման պատճառով, և սպառնում է խեցգետինների մոտ սնկային հիվանդությունների տարածման վտանգով, ինչը վկայում է լճի հատակի ուժեղ աղտոտվածության մասին”, - ասել է Ղուկասյանը:
Նա նշել է, որ այդ հիվանդությունները մարդկանց չեն փոխանցվում, սակայն սպառնում են խեսգետինների պոպուլյացիայի ամբողջական վերացմամբ։ Սևանում խեցգետնի պոպուլյացիայի կտրուկ անկումը՝ 4 հազար տոննայից մինչև 2,6 տոննա երկու տարում, պայմանավորված է նաև խեցգետին որսալու համար չինական ցանցի օգտագործմամբ, որոնք թույլ են տալիս որսալ նաև այն խեցգետինները, որոնք կարող են նպաստել պոպուլյացիայի աճին։
Նա նաև ընդգծել է, որ գետերի անբավարար վիճակը նույնպես ազդում է ձկների պոպուլյացիայի բնական աճի անկման վրա։
“2016-2017 թվականներին 1,5մլն քանակությամբ Սևանի իշխանի մանրաձկներ են բաց թողնվել լիճ, բայց դրանց միայն 20 տոկոսն է վերադարձել”,- նշել է նա։
Ղուկասյանը մտահոգություն է հայտնել, որ այս տարի կառավարությունը մրցույթ չի հայտարարել Սևանա լճի ձկան պաշարների ուսումնասիրության համար։
Ըստ նրա, իշխանությունները դա պայմանավորում են նրանով, որ տրամադրվող 7 մլն 600 հազար դրամ ֆինանսավորումը բավական չէ լճի համալիր հետազոտման համար, սակայն նման բացատրությունն անհամոզիչ է, քանի որ ինստիտուտը հետազոտություններ է անցկացնում ոչ միայն պետական, այլև ռուսաստանցի գործընկերների հետ համագործակցության և լրացուցիչ կուտակված միջոցների հաշվին։
Չնայած դրան, Ղուկասյանը հայտնել է, որ վերջին տարիներին լճում ձկան պաշարների աճ է գրանցվել, և, նախորդ տարվա տվյալներով, ծավալը հասել է 2.950 տոննայի:
Ղուկասյանն ընդգծել է, որ այսօր անհրաժեշտ է ձկների պոպուլյացիայի ավելացում՝ որսը կրճատելու միջոցով: