Բավ է պառակտվել
23-01-2020 19:07

Էլիզաբեթ II-ը ստորագրել է Brexit-ի մասին օրինագիծը

Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին Բորիս Ջոնսոնի կառավարության կողմից նախապատրաստած օրինագիծը (Brexit) ստացել է օրենքի կարգավիճակ այն բանից հետո, երբ Էլիզաբեթ II թագուհին հինգշաբթի ստորագրել է այն։

Փաստաթուղթը ստորագրելու մասին պատգամավորներին տեղեկացրել է բրիտանական խորհրդարանի համայնքների պալատի խոսնակ Նայջել Էվանսը։

Brexit-ը նշանակված է հունվարի 31-ին, բայց որպեսզի դա տեղի ունենա, Միացյալ Թագավորության դուրս գալու մասին համաձայնագիրը պետք է վավերացվի Եվրախորհրդարանի կողմից, որտեղ խոչընդոտներ չպետք է որ լինեն:

Ավելի վաղ Brexit- ի օրինագիծը հրաժարվել էին հաստատել Ուելսի, Շոտլանդիայի և Հյուսիսային Իռլանդիայի օրենսդիր մարմինները: Բոլոր երեք տարածաշրջանային խորհրդարանները դեմ էին արտահայտվել Եվրամիությանից թագավորության “բաժանվելուն”, բայց դա ազդեցություն չունեցավ Brexit-ի գործընթացի վրա:

Մեծ Բրիտանիան պետք է դուրս գար ԵՄ-ից 2019-ի մարտի 29-ին, սակայն օրը բազմիցս հետաձգվում էր, քանի որ բրիտանացի պատգամավորները չէին կարողանում համաձայնության գալ դուրս գալու պայմանների շուրջ: Ջոնսոնին հաջողվեց գործը տեղից շարժել։ Դեկտեմբերի արտահերթ ընտրություններին նրա ղեկավարած Պահպանողական կուսակցությունը զգալի առավելություն ստացավ ընդդիմության նկատմամբ, ինչից հետո օրենսդիրների կողմից գործարքի համաձայնեցման մնացած փուլերը դարձան գրեթե ձևական:

Հունվարի 31-ից հետո ԵՄ-ի և Մեծ Բրիտանիայի միջև կսկսի գործել անցումային շրջան, որի ընթացքում միության և թագավորության միջև հարաբերությունները որևէ փոփոխության չեն ենթարկվի: Այս փուլը պետք է ավարտվի դեկտեմբերի 31-ին, և այս ընթացքում Լոնդոնը մտադիր է Բրյուսելի հետ պայմանավորվել նոր առևտրային համաձայնագրի շուրջ: