Բավ է պառակտվել
11-07-2020 21:59

Այլ երկրների կարծիքը չի ազդի Սբ․Սոֆիայի կարգավիճակը փոխելու որոշման վրա․ էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ասել է, որ այլ երկրների կարծիքը չի կարող ազդել Ստամբուլի Սբ․Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման վրա։ Ավելի վաղ ՌՈւԵ-ն տաճարի կարգավիճակի փոփոխությունն անվանել էր “ապտակ ամբողջ աշխարհի քրիստոնեությանը”։

“Թուրքիան Սուրբ Սոֆիայի կարգավիճակը թանգարանից մզկիթի փոխելու որոշում է կայացրել՝ հիմնվելով ժողովրդի ցանկության եւ կամքի վրա: Այլ երկրների կարծիքը չի կարող ազդել մեր որոշման վրա”,- ասել է պարոն Էրդողանը (մեջբերումն՝ Anadolu-ից)․ Նա նշել է, որ Թուրքիայի որոշումը քննադատում են պետությունները, որոնք ի վիճակի չեն պայքարել իսլամաֆոբիայի դեմ իրենց երկրներում։

Նախօրեին պարոն Էրդողանը հայտարարել էր, որ Ստամբուլում գտնվող Սուրբ Սոֆիայի տաճարը գտնվում է Թուրքիայի ինքնիշխանության ներքո, և մյուս երկրները պետք է հարգեն այն մզկիթի վերափոխելու որոշումը։

6-ից 15-րդ դարերում այս կառույցը եղել է քրիստոնեական եկեղեցի, 1453-ին թուրքերի կողմից Կոստանդնուպոլիսը նվաճելուց հետո`մզկիթ, իսկ 1934-ին Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի կառավարությունը ճարտարապետության այս հուշարձանին շնորհեց թանգարանի կարգավիճակ:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին Թուքիայի պետական խորհուրդը (երկրի բարձրագույն վարչական դատարան) թույլ տվեց փոխել բ․ Սոֆիա տաճարի կարգավիճակը, ինչից հետո պարոն Էրդողանը ստորագրեց համապատասխան հրամանագիր: Ռուս Ուղղափառ եկեղեցին Թուրքիայի իշխանությունների նախաձեռնությունը համարում է “կրոնական դավանանքի ազատության անընդունելի խախտում”: