Բավ է պառակտվել
18-02-2016 14:07

Էրդողանը հայտնել է Անկարայի ահաբեկչության գործով 14 անձի ձերբակալության մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարայի ահաբեկչության կազմակերպման կասկածանքով 14 մարդ է ձերբակալվել։
Ավելի վաղ էլ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել էր 9 մարդու ձերբակալության մասին։ Բացի այդ, Դավութօղլուն ահաբեկչության կազմակերպման մեջ էր մեղադրել սիրիացի քրդերին։
Թուրքիայի ՆԳ նախարար Էֆքան Ալան հայտնել է, որ Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության գործով երկրի 7 նահանգներում տեղի ունեցած գործողությունների արդյունքում 14 մարդ է ձերբակալվել: Պոլսում, Ադանայում, Բոլուում, Թեքիրդաղում, Իզմիրում, Անկարայում և Տիգրանակերտում տեղի ունեցած գործողությունների ընթացքում ձերբակալվածների մի մասը, նախարարի խոսքով, բերվել է Անկարա: Մյուսները ճանապարհին են:
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում փետրվարի 17-ի երեկոյան տեղի է ունեցել ահաբեկչություն, որի հետևանքով զոհերի թիվը հասել է 28-ի, վիրավորների թիվը 61-ն է: Պայթյունը տեղի է ունեցել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբից, ցամաքային, ծովային և օդային ուժերի հրամանատարության նստավայրերից, մեջլիսից, կառավարության կենտրոնական շենքից և ներքին գործերի նախարարությունից մոտավորապես 200 մետր հեռավորությամբ: Զինվորական անձնակազմ տեղափոխող ավտոբուսը կարմիր լույսի տակ կանգնած է եղել, երբ մեկ այլ ականապատված մեքենա է պայթել այդ վայրում: