Բավ է պառակտվել
25-10-2019 14:25

Երկու օրվա մեջ 2-րդ հարձակումը Փարիզում գործող հայկական կառույցների վրա

 
Երկու օրվա մեջ 2-րդ հարձակումը Փարիզում գործող հայկական կառույցների վրա։ Սկզբում Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակն էր հայտնվել թիրախում։ Այստեղ հանցագործները կոտրել էին խմբագրության դուռը, գողացել տեսախցիկները, երեք համակարգիչ, որտեղ պահվում էին գաղտնի տեղեկություններ:
Հետո արդեն հարձակման ենթարկվեց Սամուել-Մուրադյան վարժարանը։ Այստեղ էլ ամբողջությամբ ավերել էին շենքը, պատերին գրել էին հայհոյանքներ, կոտրել էին դռները։ Ամբողջ գույքը վնասել էին։ Վարժարանի ընդհանուր տարածքը 13 հազար քմ է, այն բաղկացած է 5 մասնաշենքից։ Սամուել-Մուրադյան վարժարանի տնօրեն Հարություն վարդապետ Պզտիկյան մեզ հետ զրույցում մանրամասներ ներկայացրեց, թե ինչ վայրագություններ են արել շենքի ներսում։ Հայր Պզտիկյանն ասում է, որ սա առաջին դեպքը չէ, որ վարժարանը հարձակման թիրախում է հայտնվում։ Եթե հաշվի առնենք Nouvelles d’Arménie ամսագրի գրասենյակի վրա հարձակումը, ապա այստեղ այլ ենթատեքստեր կան.
«Այն, ինչ պատահեց Nouvelles d’Arménie խմբագրատանը, քաղաքական բնույթ ունի։ Այստեղ եկեղեցին ու քահանան գործ ունեն անելու։ Ժողովուրդը անելիք չունի, միայն դիտում ու ծափահարում է։ Սա արդեն անհանգստացնող է։ Եթե այս դեպքերից հետո մենք չարթնանանք, հայկական գաղութը գնահատական չտա, ապա մեր մշակույթը պահպանելու խնդիր ունենք։ Մենք համապատասխան ձևով պետք է անդրադարձ կատարենք»,֊ասաց Պզտիկյանը։
Ավելի քան մեկ դար գործող վարժարանը, որը Ֆրանսիայում հայապահպանության կարևորագույն օջախներից է եղել, հունվար ամսից չի գործում։ Հարություն վարդապետ Պզտիկյանը օրերս հանդիպել էր ՀՀ Սփյուռքի գծով հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ ու հանդիպման ժամանակ քննարկել են, թե ինչ միջոցներ պետք է գտնել դպրոցը վերաբացելու ուղղությամբ։ Բայց ժողովրդական ասացվածքն ասում է՝ շաբաթ ուրբաթից շուտ եկավ ու հարձակում գործեցին վարժարանի վրա.
«Մենք պետք է մեզ պաշտպանված զգանք իրավական հարթության վրա։ Ես մի քանի դեպքերի ականատես եղա, երբ հարձակում գործեցին հրեաների կառույցների վրա։ Հրեաները անվտանգության աշխատակիցներ ուզեցին իրենց խանութների, տների, ակումբների առջև։ Ոստիկանությունը ամիսներով, շաբաթներով զինված մնաց։ Երբ ես էլ ուզեցի օգնություն, ասացին մենք կշրջենք, կդիտենք, բայց ոչ մի զինվոր ես չտեսա ոչ մի հայկական դպրոցի առջև։ Ամբողջ աշխարհով ցրված ենք ու մեր մշակույթով, մեր եկեղեցիներով վայելում ենք ժողովուրդների համակրանքը։ Մենք ոչ մի տեղ վնաս չենք հասցրել, միայն կառուցել ու մշակույթ ենք տարածել»։
Ֆրանսիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը Twitter-յան իր էջում անդրադարձել էր այս երկու հայկական կառույցների հարձակման դեպքին։ Մասնավորապես գրել էր, որ լրջորեն մտահոգված են կրկնվող վանդալիզմով: «Այդ գործողությունները չպետք է անպատիժ մնան»,- գրել է ՀՀ դեսպանը:
Իսկ ֆեյսբուքյան իր էջում դատապարտող գրառում էր կատարել ՀՀ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Նա խստորեն դատապարտել է «մեր բազմահազար հայրենակիցների համար երկրորդ հայրենիք դարձած Ֆրանսիայում նման գործողությունները հայկական այս երկու կառույցների հանդեպ»: Հանձնակատարը խոստացել է գործուղումից վերադառնալուց հետո քննարկել հայկական օջախներին աջակցելու եղանակները։

 

Արմինե Գևորգյան