Բավ է պառակտվել
02-09-2020 18:12

ԵՄ-ն անփոփոխ է թողել երկրների ցանկը, որոնց հետ թույլատրվում է բացել սահմանները: Հայաստանն ու Ռուսաստանը ցուցակում չեն

ԵՄ 27 երկրների դեսպանները որոշել են անփոփոխ թողնել 10 օտարերկրյա պետությունների ցանկը, որոնց հետ միության երկրներին թույլատրվում է բացել արտաքին սահմանները․ ԱՄՆ-ն և Ռուսաստանը ներառված չեն այս ցուցակում: Այս մասին հայտնի է դարձել չորեքշաբթի օրը եվրոպական դիվանագիտական աղբյուրից Բրյուսելում: Եվրամիությունը սկսել է նաև ուսումնասիրել Հունաստանի իշխանությունների որոշումը սեպտեմբերի 7-ից ՌԴ քաղաքացիների մուտքը թույլատրելու վերաբերյալ, որը ներառված չէ «սպիտակ ցուցակում»:

«ԵՄ մշտական ներկայացուցիչների կոմիտեի (COREPER) նիստում որոշվեց անփոփոխ թողնել երկրների ցանկը», - հայտնել է եվրոպացի դիվանագետը: Ցուցակում ընդգրկված են Կանադան, Ավստրալիան, Նոր Զելանդիան, Ճապոնիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ռուանդան, Վրաստանը, Ուրուգվայը: Չինաստանը շարունակում է ընդգրկված մնալ «պայմանականորեն», այսինքն՝ համապատասխանում է սահմանների բացման բոլոր համաճարակաբանական չափանիշներին, բայց երկիրն ինքը մտադիր չէ բացել սահմանը ԵՄ-ի հետ, հետևաբար փոխադարձության հիմնական սկզբունքը չի կատարվում, ուստի ԵՄ խորհուրդը դեռ թույլ չի տալիս իր քաղաքացիներին ճանապարհորդել Չինաստան։

Հունաստանի սահմանների բացումը

Մեկ այլ եվրոպացի դիվանագետ հայտնել է, որ «Եվրամիության ինստիտուտները տեղեկացված են Հունաստանի իշխանությունների՝ Ռուսաստանի քաղաքացիների սահմանափակ մուտքը թույլատրելու որոշման մասին և այս պահին ուսումնասիրում են այն»: Նա բացատրել է, որ երկրների ընդհանուր ցուցակում, որոնց հետ միության պետություններին թույլատրվում է սահմաններ բացել, կարող են ներառվել «միայն այն պետությունները, որոնք, իրենց հերթին, պատրաստ են թույլ տալ մուտքը Շենգենյան գոտու ԵՄ անդամ բոլոր երկրներից, ինչը դեռևս չի արել ոչ Չինաստանը, ոչ էլ Ռուսաստանը»:

Ավելի վաղ ԵՄ խորհուրդը պարզաբանել էր, որ երրորդ երկրները որոշելու չափանիշները, որոնց նկատմամբ պետք է վերացվեն ուղևորության ներկայիս սահմանափակումները, ներառում են, մասնավորապես, համաճարակաբանական իրավիճակի գնահատումը, կորոնավիրուսի տարածման դեմ պայքարի ազգային միջոցառումները, բացի այդ, «հաշվի են առնվում տնտեսական և սոցիալական նկատառումները»։

Կրճատված ցուցակ

Այսպես կոչված սպիտակ ցուցակի առաջին տարբերակը հաստատվել է ԵՄ Խորհրդի կողմից հունիսի 30-ին և ընդգրկել է 14 երկիր գումարած Չինաստանը: Հուլիսի կեսերին ԵՄ խորհուրդը կրճատեց երկրների թիվը մինչև 12, հանելով դրանից Սերբիան և Չեռնոգորիան: Հուլիսի 30-ին ընդունվեց ցուցակի երրորդ տարբերակը, որից հանվել էր Ալժիրն, իսկ օգոստոսի 8-ին՝ չորրորդը, որից հանվեց Մարոկոն: Այս փաստաթուղթը խորհրդատվական է, այսինք՝ ԵՄ երկրներն իրենց հայեցողությամբ կարող են բացել կամ չբացել սահմաններ սպիտակ ցուցակի ցանկացած պետության հետ, բայց չպետք է սահմանները բացեն դրանում չընդգրկված երկրների համար: Ցուցակը պետք է թարմացվի միջինը երկու շաբաթը մեկ:

ԵՄ-ում ներքին սահմանների բացումը սկսվել է հունիսի 15-ին: Հուլիսին միության շատ երկրներում սկսվեց կարանտինային սահմանափակումների նոր խստացում՝ վարակակիրների թվի աճով պայմանավորված: Համաճարակի երկրորդ ալիքի ֆոնին ԵՄ երկրները փորձում են խուսափել Շենգենի ներքին սահմաններին սահմանային հսկողությունը վերահաստատելուց, ինչը Հունգարիան արդեն արել է: