Բավ է պառակտվել
18-02-2019 12:33

Հույս կա․ Ատլանտյան օվկիանոսում կետերի վերացող տեսակի ձագեր են հայտնաբերվել

Այս ձմռանը ամերիկացի մասնագետներն Ֆլորիդա և Ջորջիա նահանգների Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում նկատել են ոչնչացման եզրին հայտնված կետերի հազվագյուտ տեսակի յոթ ձագ, ինչն այդ տեսակի վերականգնման հույս է ներշնչում։ Այս մասին կիրակի օրը հայտարարել է տեղական “Daytona Beach News Journal” թերթը:

Ինչպես նշել է պարբերականը, խոսքը գնում է հյուսիսային հարթ կետի մասին։ Ըստ գիտնականների գնահատականի, վայրի բնության մեջ ապրում է այս տեսակի ընդամենը 400 ներկայացուցիչ։ Նրանք հիմնականում բնակվում են Ատլանտյան օվկիանոսի հյուսիսային հատվածում։ Կետերի այս տեսակը հազվագյուտներից մեկն է։ Մեծահասակ կենդանիների երկարությունը հասնում է միջինում 15 մետրի, քաշը, որպես օրենք, կազմում է 40-70 տոննա։

Դիտարկումները վարել են օվկիանոսի և մթնոլորտային ուսումնասիրությունների ԱՄՆ ազգային վարչության աշխատակիցները: Ձմեռվա ընթացքում հայտնաբերված վերջին՝ յոթերորդ ձագը նկատվել է հանգստյան օրերին Ջորջիայի ափամերձ կղզիների մոտ։ Հետազոտողները կարծում են, որ ձագի մայրն ավելի վաղ տվյաների բազայում 3270-րդ համարի տակ գրանցված Պիկո մականունով 17 տարեկան էգ կետն է։ Ըստ վարչության տվյալների, վերջին անգամ նա ձագ է ունեցել 2011 թվականին։

Ամեն ձմեռ հյուսիսային հարթ կետերը Մեն և կանադական Նոր Շոտլանդիայի նահանգների ափամերձ ջրերից տեղափոխվում են Ֆլորիդայի և Ջորջիայի ափերի մոտ։ 2018 թվականին նրանց մեջ ոչ մի ձագ չի նկատվել, ինչը շատ անհանգստացրել է գիտնականներին։ 2016-2017 թվականների ձմռանը գրանցվել է ընդամենը հինգ ձագ։ Համեմատության համար՝ 2004-2005թթ ձմռանը դրանց թիվը 28 է եղել, իսկ 2008-2009-ին՝ 39։

“Ես երախտապարտ եմ ամեն անգամ նոր ձագ հայտնաբերելու համար”, - ասել է Մասաչուսեթս նահանգի Բոստոնյան օկենարիումի հետազոտող Ֆիլիպ Համիլտոնը: Ֆլորիդայի շրջակա միջավայրի պահպանության հանձնաժողովի աշխատակից Քեթի Ջեքսոնն իր հերթին հայտարարել է, որ յոթ ձագի հայտնաբերումը հուսադրող է, բայց “դեռևս բավարար չէ”: Նրա գնահատմամբ` կենդանիների թվաքանակը նույն մակարդակի վրա պահպանելու համար անհրաժեշտ է, որ ամեն տարի ծնվի 16-18 ձագ: “Տեսակի թվաքանակի աճի համար ավելի շատ ձագ է անհրաժեշտ”, - ասել է նա: