Բավ է պառակտվել
02-10-2020 17:05

«Եվրո՛պա, քո լռությունը խլացուցիչ է». Բելգիայի հայերը Եվրոպային կոչ են անում գործել հանուն Լեռնային Ղարաբաղի խաղաղության

Այսօր երեկոյան, 17։30-ից սկսած, ավելի քան 1000 մարդ, մեծ մասամբ  հայկական ծագմամբ, օգտվելով ԵԽ գագաթնաժողովի անցկացման փաստից,  հավաքվել էին Շումանի հրապարակում Լեռնային Ղարաբաղի (Արցախի) խաղաղության համար կոչ անելու, ինչպես նաև Բելգիայի և եվրոպական այլ երկրների առաջնորդներից  տարածաշրջանում խաղաղության վերահաստատման համար հրատապ կարգով գործելու պահանջ ներկայացնելու համար։

Սեպտեբերի 27-ին թուրքական ուժերի աջակցությամբ Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանական զինված ուժերի հարձումից ի վեր, մարտերը չեն դադարեցվել  հայերի և մյուս կողմից ադրբեջանցիների և թուրքերի միջև։ Հայերն ու բարի կամք դրսևորող անձինք մոբիլիզացվում են ամբողջ աշխարհում ՝ կոչ անելով միջազգային հանրությանը գործել հանուն խաղաղության:

Բրյուսելում տեղի ունեցած աջակցության հավաքի ընթացքում, իրար հաջորդող բանախոսները միահամուռ կոչ արեցին դադարեցնել մարտերը՝  այս հակամարտության մեջ Ադրբեջանին որակելով ագրեսոր և  ընդգծելով այն փաստը, որ Ղարաբաղի հայերը հեռու են «անջատողական» («сепаратисты» - խմբ. ) լինելուց, ինչպես կարող ենք հաճախակի լսել, և տարածաշրջանի բնիկներ են։

Հավաքի մասնակիցները բարձրացրել էին Հայաստանի և Եվրոպայի դրոշները, ինչպես նաև ցուցանակներ, որոնք նշում էին «Ադրբեջանն ագրեսոր է» (« Désignons l’agresseur : l’Azerbaïdjan »), «Եվրո՛պա, քո լռությունը խլացուցիչ է» (« Europe, ton silence est assourdissant ») և «Հայաստանն ուզում է խաղաղություն, Ադրբեջանը՝ պատերազմ ( « Armenia wants Peace, Azerbaijan wants war »).

Ցուցարարներին աջակցելու եկած բարձրաստիճան անձանց թվում էին դաշնային պատգամավոր Ժորժ Դալլեմանը, Քեստերլի քաղաքապետ Վարդ Քենեսը, սենատոր Մարկ Դեմեսմայքերը, Բրյուսելի տարածաշրջանային պատգամավոր Մարի Լեկոկը, Բրյուսելի ֆրանսախոս խորհրդարանի նախկին նախագահ Ժյուլի Դեգրոտը և Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում Ղարաբաղի հետ բարեկամության խմբի նախագահ Անդրե Դյուբուսը։ 

Ամբիոնից ելույթով հանդես եկան նաև Բրյուսելում Առաքելական եկեղեցու վարդապետ Հայր Զատիկը, ինչպես նաև Բելգիայի Հայերի Կոմիտեի նախագահ Նիկոլա Թավիթյանը։ ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի անունից ելույթ ունեցավ Հարութ Շիրինյանը։

Նիկոլա Թավիթյանն իր խոսքում մասնավորապես նշեց․ «Եվրոպան լռում է․․․ Եկեք շիտակ խոսենք, այս լռությունը դավաճանություն է։ Դավաճանություն հայերի՞ նկատմամբ։ Իհարկե՛։ Բայց սա նաև դավաճանություն է այն արժեքների նկտամամբ, որոնց Եվրոպան հավակնում է ծառայել։ Եթե Եվրոպան ընդունակ չէ դիմակայելու ռազմատենչ բռնակալներին, այն ապագա չունի։ Առանց արժանավոր Եվրոպայի, որը ստիպում է իրեն հարգել և պահպանել խաղաղություն, մեր երեխաները ստիպված են  պատրաստվել շատ մռայլ ապագայի»։

Ն.Թավիթյանը ողջունեց նաև Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի կապակցությամբ, հավաքից անմիջապես առաջ Էմմանուել Մակրոնի արած հայտարարությունը, որով վերջինս հաստատեց այն տեղեկությունները, որոնց համաձայն Թուրքիան սիրիացի մարտիկներ է բերել Ադրբեջան ՝ որպես ադրբեջանական ուժերի կազմ, ինչպես նաև այն, որ Ադրբեջանն է սկսել հակամարտությունը Թուրքիայի աջակցությամբ: Բազմությունը երկար ժամանակ ծափահարեց Ֆրանսիայի նախագահին:

Հանրահավաքի ավարտին ի նշան խաղաղության Շումանի հրապարակում աղավնիներ արձակվեցին։

 

 

Արմինե Գևորգյան