Բավ է պառակտվել
20-05-2021 10:38

Եվրախորհրդարանը հակաթուրքական բանաձև է ընդունել, և կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Մայիսի 19-ին կայացած լիագումար նիստում Եվրախորհրդարանը հաստատել է Թուրքիայի վերաբերյալ զեկույց-բանաձևը, որում վերահաստատել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու Անկարային ուղղված իր կոչը և դատապարտել նրա դերը Արցախյան պատերազմում:

Եվրախորհրդարանը կոչ է անում Թուրքիային զերծ մնալ որևէ հակահայկական քարոզչությունից ու ատելության խոսքից և լիարժեքորեն հարգել հայկական մշակույթը պաշտպանելու իր հանձնառությունները:
Զեկույցում անդրադարձ է արվում նաև Թուրքիայի բացասական դերին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, մասնավորապես ՝

* Եվրախորհրդարանը դատապարտում է այն փաստը, որ Թուրքիան ռազմական գործողություններին վերջ դնելու և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո խաղաղ բանակցությունների վերսկսման կոչեր անելու փոխարեն որոշեց անվերապահորեն աջակցել Ադրբեջանի ռազմական գործողություններին, նպաստել դրանց շարունակմանը՝ դրանով իսկ դիմելով հրահրող հռետորաբանության և նպաստելով լարվածության սրմանը, այլ ոչ դրա նվազմանը:
* Դատապարտվում է նաև Թուրքիայի կողմից Սիրիայից և այլ վայրերից օտարերկրյա զինյալների տեղափոխումը Լեռնային Ղարաբաղ, ինչպես դա հաստատվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից:
* Բանաձևում ևս մեկ անգամ կոչ է արվում Թուրքիային զերծ մնալ որևէ գործողությունից կամ հռետորաբանությունից, որը կարող էր ավելի սրել լարվածությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում և աջակցել միջազգային երկխոսությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ բանակցային գործընթացին:

Բացի այդ, կոչ է արվում Թուրքիայի կառավարությանը պաշտպանելու Թուրքիայում ապրող էթնիկ և կրոնական փոքրամասնությունների, այդ թվում՝ հայկական ծագում ունեցող քաղաքացիների և քրիստոնյաների իրավունքները և անհապաղ ընդունել խտրականությունն արգելող համապարփակ օրենսդրություն: Եվրախորհրդարանը նաև դիմել է ԵՄ-ին և Միության անդամ երկրներին՝ ուսումնասիրելու «Գորշ գայլեր» ծայրահեղական շարժումն ահաբեկչական կազմակերպությունների՝ ԵՄ ցանկում ներառելու հնարավորությունը և արգելելու դրա ճյուղային կառույցների գործունեությունը ԵՄ երկրներում։

Կարևորվել է դրանց գործունեությանը ուշադրությամբ հետևելու և հնարավոր ազդեցությանը հակազդելու անհրաժեշտությունը, հաշվի առնելով, որ այն սպառնալիք է հատկապես հայկական, քրդական ու հունական ծագում ունեցող քաղաքացիների և տվյալ կազմակերպության կողմից այլախոհ համարվող ցանկացած անձի համար:

Զեկույց-բանաձևի տեքստը հրապարակված է Բելգիայում Հայաստանի Հանրապետության դեսպանության ֆեյսբուքյան էջում։