Բավ է պառակտվել
28-04-2021 10:29

Ֆրանսիացի գեներալները նախազգուշացնում են Մակրոնին ռասայական պատերազմի և հեղաշրջման սպառնալիքի մասին

Valeurs actuelles-ը հրապարակել է ֆրանսիացի պաշտոնաթող գեներալների և սպաների բաց նամակն՝ ուղղված Նախագահ Էմանուել Մակրոնին, որում նախազգուշացնում են ռասայական պատերազմի և պետական հեղաշրջման վտանգի մասին:

Ըստ Ինտերֆաքսի, այս նամակում հարյուրից ավելի զորացրված ֆրանսիացի գեներալներ և սպաներ մատնանշում են քաղաքացիական պատերազմի սպառնալիքը, որը գալիս է կրոնական մոլեռանդներից և իսլամիստներից, որոնց սովորույթները հակասում են Ֆրանսիայի սահմանադրությանը:

«Բռնությունն ամեն օր աճում է: Ո՞վ կարող էր տասը տարի առաջ կանխատեսել, որ պրոֆեսորը մի օր կգլխատվի իր քոլեջից դուրս գալիս», - հարցնում են նամակի հեղինակները:

Նրանք նախազգուշացնում են հնարավոր հեղաշրջման մասին, եթե Մակրոնն անգործ մնա:

«Ինչպես տեսնում ենք, հապաղելու ժամանակ չկա, այլապես վաղը քաղաքացիական պատերազմը վերջ կդնի այս աճող քաոսին, և մահվան դեպքերը, որոնց համար դուք պատասխանատու կլինեք, կհաշվվեն հազարներով», - եզրափակել են զորացրված զինվորականները։

Լրատվամիջոցներում հրապարակված կոչին աջակցել են աջ ծայրահեղական առաջնորդ Մարին Լե Պենը և շուրջ 1000 գործող բանակային սպաներ և զինվորներ, հաղորդում է BBC News- ը:

Զինված ուժերի նախարար Ֆլորենս Փարլին հիշեցրել է, որ զինված ուժերի ծառայողներին արգելվում է կարծիք արտահայտել քաղաքական կամ կրոնական հարցերի վերաբերյալ: «Նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել» խախտողների նկատմամբ, հավելել է նա:

2020-ի հոկտեմբերին Կոնֆլան-Սենտ-Օնորին քաղաքի Bois-d'Aulne քոլեջում (Իվելինս դեպարտամենտ Փարիզի մերձակայքում) իսլամական ահաբեկիչը սպանել և գլխատել էր պատմության ուսուցչին, ով ուսանողներին ցուցադրել էր Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Հանցագործությունը կատարել էր չեչենական ծագմամբ Ռուսաստանից 18-ամյա ներգաղթյալը: Սպանությունը տեղի էր ունեցել Charlie Hebdo-ի խմբագրության նախկին գրասենյակների մոտակայքում Premieres Lignes լրատվական գործակալության երկու աշխատակիցների վրա հարձակումից մի քանի շաբաթ անց: Նրանց վիրավորում էին հասցրել սառը զենքով: Ձերբակալվածը բացատրել էր, որ վրեժ է լուծում Charlie Hebdo- ում Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները վերահրապարակման համար, բայց չգիտեր, որ ամսագրի խմբագրությունը տեղափոխվել է և կարծում էր, որ հարձակվել է դրա աշխատակիցների վրա:

Ավելի վաղ՝ 2015-ի հունվարին, մի քանի զինված մարդ ներխուժել էին ֆրանսիական Charlie Hebdo երգիծական շաբաթաթերթի խմբագրություն և գնդակահարել 12 մարդու, որոնցից ութը լրագրողներ էին: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել էր Ալ-Քաիդայի Եմենի մասնաճյուղը (արգելված է Ռուսաստանում): Ահաբեկիչները որպես թիրախ էին ընտրել Charlie Hebdo-ի խմբագրությունը, քանի որ այն բազմիցս տպագրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարները: Charlie Hebdo-ի խմբագրությունում ահաբեկչական գործողությունը իսլամիստների մի շարք հարձակումների սկիզբ դրեց Ֆրանսիայում: