Բավ է պառակտվել
13-12-2019 15:36

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Հայաստանի նախաձեռնությամբ սահմանել է շախմատի համաշխարհային օր

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Նյու Յորքում կայացած ժողովում միաձայն ընդունել է բանաձև, որով հուլիսի 20-ը հռչակվում է շախմատի համաշխարհային օր:

Ըստ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամլո ծառայության, Հայաստանը ներկայացրել է նախաձեռնությունը “Սպորտը զարգացման և խաղաղության համար” և “Խաղաղության մշակույթ” օրակարգի շրջանակներում:

Բանաձևում ընդգծվում է շախմատի կարևոր դերը՝ որպես մատչելի և ներառական գործունեության տեսակ, որը կարելի է իրականացնել ցանկացած վայրում և խաղ, որը յուրաքանչյուրը կարող է խաղալ՝ անկախ լեզվական, տարիքային, սեռական, ֆիզիկական կամ սոցիալական խոչընդոտներից:

Բանաձևի համահեղինակների թվում են Հայաստանը, Բելառուսը, Հնդկաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Նորվեգիան, Ռուսաստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը: ՄԱԿ-ի անդամ երկրները կոչ են անում սկսած 2020 թվականից այս օրը միջոցառումներ անցկացնել ամբողջ աշխարհում՝ ուղղված աշխարհի հնագույն և հանրաճանաչ ինտելեկտուալ խաղերից մեկի հանրայնացմանը։

Ներկայացնելով բանաձևը՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը նշել է, որ շախմատը, հանդիսանալով հնագույն և համաշխարհային ճանաչում ունեցող մտավոր խաղերից մեկը, նպաստում է սոցիալական, քաղաքական և ռասայական անջրպետների հաղթահարմանը, նախապաշարմունքները փոխելուն և խտրականության դեմ պայքարին։

Նա ընգծել է, որ շախմատը հայկական մշակույթի էական մասն է՝ հիշատակելով որ հայ գրոսմայստերները նվաճել են օլիմպիական և աշխարհի չեմպիոնների տիտղոսներ:

“ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի կողմից Շախմատի համաշխարհային օրվա սահմանումը կարևոր հարթակ կընձեռի երկխոսությունը, համերաշխությունը և խաղաղության մշակույթն առաջ մղելու համար”, - ասվել է Հայաստանի արտգործնախարարության հաղորդագրության մեջ: