Բավ է պառակտվել
01-12-2021 10:57

MI6-ի ղեկավարը խոսել է համաշխարհային անվտանգության սպառնալիքի մասին՝ կապված Չինաստանի աճող ռազմական հզորության հետ

Չինաստանի աճող ռազմական հզորությունն, ինչպես նաև Արևմուտքը թերագնահատելու միտումը լուրջ մարտահրավեր է խաղաղության և համաշխարհային անվտանգության համար: Այս մասին երեքշաբթի օրը Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտում (IISS) հայտարարել է Միացյալ Թագավորության արտաքին հետախուզության MI6 ծառայության ղեկավար Ռիչարդ Մուրը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Մեզ անհանգստացնում են Չինաստանի կառավարության փորձերը՝ խեղաթյուրել հանրային դիսկուրսը և ազդել քաղաքական որոշումների կայացման վրա ամբողջ աշխարհում»,- ասել է Մուրը։ - Պեկինի աճող ռազմական հզորությունը, ինչպես նաև [Չինաստանի կոմունիստական] կուսակցության ձգտումն՝ անհրաժեշտության դեպքում ուժով լուծել Թայվանի հարցը, նույնպես լուրջ մարտահրավեր են գլոբալ կայունության և խաղաղության համար»:

Մուրը կարծում է, որ Չինաստանի ղեկավարությունն ավելի ու ավելի է նախապատվությունը տալիս համարձակ և վճռական գործողություններին, ինչպես նաև հավատում է «իր իսկ քարոզչությանը, որ Արևմուտքը թույլ է, թերագնահատելով Վաշինգտոնի վճռականությունը»: MI6-ի ղեկավարի խոսքով, «չափազանց ինքնավստահության պատճառով Չինաստանի սխալ հաշվարկների ռիսկը շատ իրական է»։

Նա նշել է, որ այս պահին MI6-ի գլխավոր խնդիրն է հարմարվել այն պայմաններին, որոնցում Չինաստանի ազդեցությունն աշխարհում անընդհատ աճում է։ Հետախուզական ծառայությունը կարծում է, որ Պեկինը ստեղծում է «թվային և պարտքային թակարդներ» ամբողջ աշխարհում՝ որպես լծակ օգտագործելով չինական տեխնոլոգիական լուծումների միջոցով հավաքագրված տվյալներն, ինչպես նաև ՉԺՀ-ի ֆինանսական հնարավորությունները, որոնք թույլ են տալիս չինական բիզնեսին ակտիվորեն ձեռք բերել արևմտյան երկրների ձեռնարկությունների բաժնետոմսեր։ Մուրն ասել է, որ Լոնդոնը ցանկանում է, որ մյուս երկրները տեղյակ լինեն առկա ռիսկերի մասին և մտադիր է ամրապնդել դաշինքներն այն պետությունների հետ, որոնք նույնպես մտահոգված են Չինաստանի կողմից ստեղծված մարտահրավերներով:

Հակազդեցություն ՌԴ-ին

Ավարտելով չինական աճող ազդեցության մասին խոսքը՝ Մուրն անմիջապես անդրադարձել է ռուսական սպառնալիքի թեմային, ընդգծելով, որ բրիտանական հետախուզական հանրությունն ավելի քան մեկ դար է նվիրել Ռուսաստանում տեղի ունեցող գործընթացների ընկալման բարելավմանն ուղղված աշխատանքին։

«Մենք շարունակում ենք բախվել Ռուսաստանի կողմից սուր անմիջական սպառնալիքի հետ: Հայրս 60-ականներին գործուղվել էր Մոսկվա, և իմ ամենավաղ հիշողությունները Ռուսաստանի մասին հիշողություններն են: Ես խորապես հարգում եմ Ռուսաստանի պատմությունն ու մշակույթը, ինչպես նաև նրա ժողովրդին։ Ռուսաստանի Դաշնության հետ ներկայիս բարդ հարաբերություններն այն չեն, ինչ ուզում է Միացյալ Թագավորությունը, բայց մենք կանենք ամեն ինչ՝ ապահովելու մեր երկրի անվտանգությունը, զսպելու [Ռուսաստանին] և պաշտպանվելու սպառնալիքների ողջ շրջանակից, որոնք գալիս են Մոսկվայից», - նշել է Մուրը։

Նրա խոսքով, Լոնդոնը առճակատման չի ձգտում Մոսկվայի հետ և կցանկանար երկխոսություն վարել նրա հետ ընդհանուր սպառնալիքների և «լեգիտիմ շահերի» շուրջ, սակայն դա հնարավոր կլինի միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի Դաշնությունը «դադարեցնի ապակայունացնող գործունեությունը», որն այն, իբր, վարում է։

«Մեր դաշնակիցների և գործընկերների հետ մենք պետք է զսպենք ռուսական գործողությունները, որոնք հակասում են կանոնների վրա հիմնված միջազգային համակարգին: Ոչ մի երկիր՝ Եվրոպայում կամ դրանից դուրս, չպետք է գայթակղվի, որոշելով, որ ոչնչով չհավասարառված զիջումները Ռուսաստանին կհանգեցնեն նրա վարքագծի բարելավմանն»,- ասել է նա։

Իր ելույթում Մուրը նաև նշել է Իրանի կողմից բխող վտանգը զսպելու և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքի պահպանմանը վերադառնալու անհրաժեշտությունը։ Նա նաև հիշատակել է, որ MI6-ը «շփվում է թալիբների հետ» (ՌԴ-ում արգելված շարժում)՝ ստուգելով նրա պատրաստակամությունը համագործակցել Արևմուտքի հետ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում։